Մամուլ

Դիմակավորված և զինված անձինք մուտք են գործել Տաշիրի բնակիչներից մեկի տուն, պահանջել գումար ու ոսկի

Դիմակավորված և զինված անձինք մուտք են գործել Տաշիրի բնակիչներից մեկի տուն, պահանջել գումար ու ոսկի

Տաշիրի բժշկական կենտրոնից ՀՀ ոստիկանության Տաշիրի բաժնում 2021թ. հոկտեմբերի 29-ին, ժամը 01։45-ին, ահազանգ է ստացվել այն մասին, որ նույն օրը ժամը 01։40-ին, «Դեմքի ձախ կեսի հրազենային վնասվածք, ստորին ծնոտի կոտրվածքով, կրծքավանդակի ձախ կեսի հրազենային կույր թափանցող վիրավորում, լարված հեմոպնևմոթորաքս ձախից» ախտորոշմամբ բժշկական կենտրոն է տեղափոխվել Տաշիր քաղաքի 29-ամյա բնակիչը:

«Նույն օրը ժամը 02։30-ին վերջինիս մայրը ՀՀ ոստիկանության Տաշիրի բաժնում հաղորդում է ներկայացրել՝ հայտնելով, որ նշված օրը ժամը 01։30-ի սահմաններում, երկու դիմակավորված և զինված անձ մուտք են գործել իրենց տուն, հարցրել են որդու գտնվելու վայրի մասին և պահանջել գումար ու ոսկի:

Ստանալով բացասական պատասխան՝ նրանցից մեկն ինքնաձիգի խզակոթով հարվածել է իր ճակատին, իսկ մյուսը բարձրացել է երկրորդ հարկ։ Քիչ անց, երբ որդին վերադարձել է, նրանցից մեկը տան բակում կրակել է որդու ուղղությամբ՝ պատճառելով մարմնական վնասվածքներ, որից հետո ենթադրյալ հանցագործություն կատարած անձինք դիմել են փախուստի»,- հայտնում են Քննչական կոմիտեից:

Դեպքի առթիվ Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ:

Կատարվել է դեպքի վայրի զննություն, 29-ամյա երիտասարդն անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց: Վերջինիս մայրը հարցաքննվել է, առգրավվել են դեպքի պահին նրանց կրած հագուստները։

Նախաքննությունը շարունակվում է։      

Կիսվել