Դիմակավորված ուժայինները մտել են «Լեդի Հակոբի» ոսկու շուկա, ձերբակալել տնօրենին, գետնին տապալել աշխատակիցներին
«Իշխանություն» լրատվականի տեղեկություններով՝ այսօր առավոտյան դիմակավորված հատուկ ջոկատայինները ներխուժել են ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանին՝ «Լեդի Հակոբին» պատկանող Մալաթիայի ոսկու շուկա, ձերբակալել են շուկայի տնօրենին:
Շուկայի աշխատակիցները, կարծելով, թե ավազակային հարձակում է, փորձել են դիմադրություն ցույց տալ, սակայն հատուկ ջոկատայինները ֆիզիկական ուժ են կիրառել՝ հարվածելով և գետնին տապալելով ներկաներին։ Տեղի ունեցածի հետևանքով մեկ կին վնասվածք է ստացել։ Վերջինիս բուժօգնություն ցուցաբերելու նպատակով դեպքի վայր է կանչվել շտապօգնություն։
Ոսկու շուկայի աշխատակիցները գտնվում են սարսափած և շոկային վիճակում։
Քննչական կոմիտեից «Իշխանությանը» հայտնեցին, որ մեկ անձ ձերբակալվել է։ «Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով (հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը)»,-«Իշխանությանը» ասաց ՔԿ խոսնակ Կիմա Ավդալյանը:



