Մամուլ

Դիմակավորված ոստիկանական օպերացիա՝ «4-րդ գյուղ»-ում․ բերման ենթարկվածների մեջ է եղել «Մարիաննա» կաթնամթերքի սեփականատիրոջ որդին

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ դեկտեմբերի 27-ին ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության և նույն վարչության Երևան քաղաքի քրեական վարչության ծառայողներն ու ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մալաթիայի բաժնի ծառայողները Երևանում՝ Հաղթանակ թաղամասում, ժողովրդին հայտնի «4-րդ գյուղ»-ում իրականացրել են հատուկ օպերացիա։

Օպերացիան իրականացվել է Հաղթանակ թաղամասում հայտնի «Մարիաննա» կաթնամթերքի գործարանի դիմաց, որտեղ էլ միչև ատամները զինված, դիմակավորված քրեական ոստիկանները գետնին են պառկեցրել, ապա ոստիկանության Մալաթիայի բաժին են տեղափոխել մի քանի անձանց։

Ոստիկանություն տեղափոխվածների մեջ է եղել «Մարիաննա» կաթնամթերքի սեփականատեր Տիգրան Վարդանյանի որդին՝ նախկին դատավոր Գագիկ Խանդանյանի փեսա Ժորա Վարդանյանը և ոստիկանական հատուկ օպերացիան էլ կապված է եղել 1 օր առաջ Հաղթանակ թաղամասի 1-ին փողոցում տեղի ունեցած մոտ 20 կրակոցներ հետ, որի ժամանակ կրակոցներ էին արձակել 47-ամյա բնակչի տան ուղղությամբ։

Ոստիկանություն տեղափոխված Ժ․ Վարդանյանը տարիներ առաջ Երևանում՝ Վազգեն Սարգսյան փողոցում, ՀՀ Կենտրոնական բանկի հարևանությամբ, իր վարած «Mercedes G» մակնիշի «999 DO 99» համարանիշի ավտոմեքենայով վրաերթի էր ենթարկել կին հետիոտնի։ Վերջինը տեղում մահացել էր, իսկ Ժ․ Վարդանյանը դեպքի վայրը լքել էր, նրա փոխարեն մեկ այլ քաղաքացի էր ոստիկանություն  ներկայացել ու հայտնել, որ վրաերթը ինքն է կատարել, սակայն քննիչների ու ոստիկանների օպերատիվ ու ճիշտ աշխատանքի արդյունքում պարզվել էր, որ վրաերթը կատարել է Ժ․ Վարդանյանը, ում վերաբերյալ մեղադրական եզրակացություն էր կազմվել և գործն ուղարկվել էր դատարան։

Կիսվեք էջում