Մամուլ

Դիլիջան-Իջևան ճանապարհին հերթական վթարը․ 62-ամյա կինը տեղում մահացել է, կա 8 վիրավոր

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ օգոստոսի 26-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 14։40-ի սահմաններում Երևան-Սևան-Դիլիջան-Իջևան ավտոճանապարհի 112-րդ կմ հատվածում բախվել են «Mercedes Vito» և «Ford Transit» մակնիշի ավտոմեքենաները։

Վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 8 հոգի տեղափոխվել են «Դիլիջան» բժշկական կենտրոն։

Օպերատիվորեն ժամանած «Դիլիջան» բժշկական կենտրոնի բժիշկները վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։

Հրշեջ-փրկարարները քաղաքացիների օգնությամբ վիրավորներից մի քանիսին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենաներին, ապա հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել «Mercedes Vito»-ի գազաբալոնի փականն ու տեղում իրականացնում են հերթապահություն։

Վթարի փաստով Դիլիջանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է մահացածի, վիրավորներին և վարորդների ինքնությունը։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Դիլիջանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Դեպքի վայրում հավաքվածները նշում էին, որ մահացածը «Mercedes Vito»-ի ուղևորներից է եղել, ով Տավուշի մարզի բնակիչ 62-ամյա Սուսաննա Վերանյանն է։ Ցավակցում ենք հարազատներին։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Կիսվել