Ժամանց

Դիլիջանցի եղբայրները ֆանտաստիկ վեպի մոտիվներով հյուրատուն են կառուցել

Դիլիջանցի եղբայրները ֆանտաստիկ վեպի մոտիվներով հյուրատուն են կառուցել

Hetq.am-ը գրում է․ Արարատ եւ Էդգար Գուլանյան եղբայրները Դիլիջանում հիմնել են հյուրատուն, որն իր տեսքով հիշեցնում է անգլիացի գրող Ջոն Թոլքինի «Հոբբիթ» ֆանտաստիկ վեպի կերպարների բնակավայրը։

Հյուրատան տնակների մի մասը հողի մեջ է, տանիքը եւս ծածկված է հողի շերտով, իսկ վրան կանաչ խոտ ու ծաղիկներ են։ «Հոբբիթ» գրքում տնակներն անվանվում են հոբբիթի «որջեր», բայց հեղինակը զգուշացնում է, որ որջ ասելով չպետք է հասկանալ կեղտոտ, խոնավ, աղքատիկ տարածք, այլ հոբբիթի որջը հարմարավետությունն է.

Դիլիջանում կառուցած «Հոբբիթի տուն» հյուրատան գլխավոր նպատակը եւս հարմարավետության ապահովումն է։

Էդգար Գուլանյանը ոգեւորել է համանուն ֆիլմում պատկերված հոբբիթների տների տեսարանով, ծնվել է հյուրատուն կառուցելու միտքը։

Դիլիջանցի

Սա եղբայրների առաջին հյուրատունը չէ. նրանք եւս երկուսն ունեն Դիլիջանում, բայց որոշել են նորը դարձնել տուրիստական վայր։

Եղբայրների նպատակներից մեկն այն է , որ հյուրատուն եկած տուրիստը կարողանա հնարավորինս մոտ լինել բնությանը։

Մեկ շաբաթ է՝ ինչ բացվել է հյուրատունը. եղբայրները հյուրերի պակասից չեն դժգոհում։

Հյուրատունը կառուցել են ընտանիքի անդամներով, Էդգարը նկարիչ-դիզայներ է, նա է գծագրել հյուրատունը, էսքիզներ արել, իսկ ընտանիքի հայրը՝ Արտավազդ Գուլանյանը տեղացի բնակիչներից կազմված աշխատանքային խմբի հետ ղեկավարել է շինարարական աշխատանքը, որից հետո նկարազարդել են պատերը, հյուրատան կահույքը պատրաստվել է դիլիջանցի վարպետների կողմից։ Արարատի պնդմամբ կարեւոր է, որ հյուրատունը նաեւ աշխատատեղ ստեղծի տեղացիների համար։

Հյուրատան յուրաքաչյուր տնակ 20 քմ տարածք է զբաղեցնում, հյուրերին դիմավորում են «Հոբբիթի» ֆանտաստիկ հերոսները։

Ըստ Էդգարի եղել են դժվարություններ, օրինակ, թե ինչպես ցեմենտապատել տնակների տանիքը, որպեսզի պահպանվի կորությունը կամ ինչպես հողի շերտ փռել տանիքի վրա, որպեսզի այն չթափվի։ Տանիքին փռված հողի 4-5 սմ-անոց ծածկույթի տակ մի քանի շերտ տարբեր շինանյութեր են օգտագործել՝ ջուր, խոնավություն չքաշելու համար, խոտի արմատների կողմից բետոնը չքանդելու համար եւ խոտը կանաչ պահելու համար։

Կիսվել