Մամուլ

Դիլիջանում 56-ամյա տղամարդը պայթեցրել է հարևանի ավտոտնակը

Այսօր՝ հոկտեմբերի 30-ին, ժամը 01:10-ի սահմաններում արտակարգ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում: Դիլիջան քաղաքի Կամոյի փողոցի 2-րդ նրբանցքում պայթյուն և փլուզում է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Կամոյի փողոցի 2-րդ նրբանցքի թիվ 26 տան բնակիչ 65-ամյա Հրայր Բ.-ն ոստիկաններին հայտնել է, որ ժամը 00:25-ի սահմաններում պայթյունի ձայն է լսել և մոտենալով նկատել է, որ իրեն պատկանող քարե ավտոտնակը պայթեցրել են, ինչի հետևանքով տեղի է ունեցել փլուզում և վնասվել է նաև ավտոտնակում կայանված ռուսական համարանիշներով «ՎԱԶ 21010» մակնիշի ավտոմեքենան:

Ոստիկաններն ու պարեկները մեկնում են կասկածյալի բնակության հասցե և կարողանում են նրան վնասազերծել ու բերման ենթարկել ոստիկանության Դիլիջանի բաժին:

Կասկածյալը Դիլիջանի բնակիչ 56-ամյա Արամ Կ.-ն է, ով այնուհետև ոստիկանության Դիլիջանի բաժնից ներկայացվում է Դիլիջանի քննչական բաժին:

Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին.

«Գիշերը 12 անց կեսի կողմերն էր, ուժեղ պայթյուն լսեցինք, մեզ թվաց՝ կամ գազի բալոն է պայթել, կամ ինչ-որ բան տրաքացրել են, դուրս եկանք դուրս, հետո իմացանք, որ Հրայրի ավտոտանկը տրաքացրել են ու մի քանի րոպե հետո ոստիկաններն ու պարեկները եկան, հետո տեսանք, որ նրանք գնում են Արամի տան կողմ, որտեղից էլ նրան բռնեցին:

dilijan avtotnak

Որ իմացանք՝ Արամի հետևից են գնում, ասինք՝ էդ ա, միլիցեքին էլ կտրաքացնի, քանի որ փողոցային խոսակցություններով միշտ լսել ենք, որ կարող ա մոտը զենք-զինամթերք լինի, բայց դե մտածել ենք՝ ինչ պիտի անի, հո հարևանի կամ հայի վրա չի գցի, բայց պարզվեց՝ մի կաթիլ մեղրի պատմության համար մարդու գարաժը տրաքացրել ա: Բայց որ իմացանք՝ ոստիկաններին ու պարեկներին հաջողվել ա առանց զոհերի ու վիրավորների վնասազերծեն Արամին, էդ մի կողմից ուրախացանք, բայց դե մութ աշխարհ ա, 2 հարևան ինչ ունեն իրար հետ կիսելու, երևի իրենք գիտեն, էդ էլ քննիչների գործն ա, էսա մի քանի օր կքննեն, եղելությունը հայտնի կլինի»:

Աղբյուրի տեղեկություններով՝ տուժածը ոստիկաններին և քննիչներին հայտնել է, որ իրեն պատճառվել է մոտ 3 միլիոն դրամի վնաս, ավտոմեքենան էլ իր որդու սեփականությունն է:

Կիսվել