Դիլիջանում «յաշիկը» դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել
Դիլիջանում «յաշիկը» դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ այսօր՝ մարտի 27-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 18:50-ի սահմաններում, Mercedes G-55 մակնիշի 08 GG 808 համարանիշի ավտոմեքենան, Դիլիջան քաղաքի Թբիլիսյան խճուղում, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Դիլիջան» բժշկական կենտրոն: Օպերատիվ է գործել Դիլիջանի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը:
Օպերատիվորեն ժամանել են նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Կարեն Աբազյանի գլխավորությամբ:
Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարում է նույն վաշտի ավագ հետաքննիչ Ռուբեն Աղասարյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորների ինքնությունը: