Դիլիջանի անտառներում խոշոր հրդեհներ են բռնկվել
Դիլիջանի անտառային տարածքներում շարունակվում են վաղ առավոտից մեկնարկած հրդեհաշիջման աշխատանքները։ Սոցցանցում տարածված տեղեկությունը չեն հերքել Դիլիջանի համայնքապետարանից և հորդորել խուճապի չմատնվել։
«Տեղեկացնում ենք, որ Դիլիջանի անտառային տարածքներում շարունակվում են վաղ առավոտից մեկնարկած հրդեհաշիջման աշխատանքները։ ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության շուրջ 200 ծառայողներ, էկոպարեկներ, համայնքի բնակիչներ, փրկարար ծառայության և համայնքապատկան տեխնիկական միջոցներն այս պահին ևս ներգրավված են կրակի մարումը ապահովող գործողություններում։
Խնդրում ենք պահպանել հանգստություն և խուճապի չմատնվել»,-նշվում է հաղորդագրության մեջ։
Նշենք, որ անտառային հրդեհների մասին սոցցանցային հարթակում ավելի վաղ ահազանգել էր ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը և նշել, որ պատկան մարմինները նվազագույնը պետք է իրազեկման աշխատանքներ տանեն բնակչության հետ։



