Մամուլ

Դժբախտ պատահար՝ Տավուշի մարզում․ բեռնատարի անվադողը փոխելիս ավտոմեքենան ընկել է վարորդի վրա

Այսօր՝ հուլիսի 19-ին, դժբախտ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 10։50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհին՝ Ոսկեպարի ոլորաններում, ավտոմեքենան ընկել է վարորդի վրա, ով տեղում մահացել է։

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ պարզվել է, որ Տավուշի մարզի բնակիչ 65-ամյա Գրիշա Եսայանը ճանապարհի թույլատրելի հատվածում կայանել է իր վարած «Volvo» մակնիշի կցորդիչով բեռնատարը, որպեսզի դիմացի անվադողը փոխի, սակայն ամբարձիչը վնասվել է և բեռնատարը ընկել է վարորդի վրա, ով տեղում մահացել է։

Հրշեջ-փրկարարները վարորդի դին հանել են և պատգարակով մոտեցրել դիատարին։

Դեպքի փաստով Նոյեմբերյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։