Մամուլ

Ողբերգական դեպք՝ Երևանում․ Սուրբ Սարգիս եկեղեցու դիմաց, դեպի ձոր իջնող աստիճանների մոտ հայտնաբերվել է տղամարդու մարմին

Shamshyan.com-ը հայտնում է, որ փետրվարի 22-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Սուրբ Սարգիս եկեղեցու դիմացի ձորում դի կա։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են ոստիկանության Կենտրոնական բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։

Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի և վաշտի հրամանատար Հայկ Արոյանի գլխավորությամբ։

Տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է։ Նշված վայրում հայտնաբերվել է տղամարդու դի։

Տարածքը սահմանազատել են պարեկներ Ռազմիկ Ղարիբյանն ու Արտյոմ Գասպարյանը։

Դեպքի մասին ոստիկանության Կենտրոնական բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական 1-ին բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է մահացածի ինքնությունը։

Ըստ նախնական տեղեկությունների տղամարդը Սուրբ Սարգիս եկեղեցու դիմացի քարե պատնեշի վրա նստած է եղել, երբ անզգուշաբար վայր է ընկել։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով կան նաև դեպքին ականատես վկաներ, որոնք այդ մասին հայտնել են իրավապահներին, սակայն իրավապահները այդ տեղեկությունը, ինչպես նաև մահացածի ինքնությունը ճշտում են։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Կիսվեք ձեր էջում