«Դեմոկրատական այլընտրանք»-ը պատրաստակամ է միանալ Ծառուկյանի՝ «Առաջարկ Հայաստանին» ծրագրին
«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը հայտարարություն է տարածել․
«Հայտարարություն
Օրերս Գագիկ Ծառուկյանը հանրությանը ներկայացրեց «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնության նախաբանը։
Սա մեր քաղաքական կյանքի շրջադարձային դրվագ է․ առաջին անգամ ձևավորվող լայն քաղաքական և հասարակական համախմբումը կառուցվում է ոչ թե պաշտոնների ու կադրերի, այլ գաղափարի ու ծրագրի շուրջ։
Այս նոր մոտեցումը կարող է դառնալ ազգային քաղաքական մշակույթի կարևոր շրջադարձ։
Հայաստանի առջև ծառացած մարտահրավերները չափազանց խորն են, որպեսզի դրանց դիմակայենք միայն իշխանություն–ընդդիմություն հակադրության տրամաբանությամբ։
Մեզ անհրաժեշտ է այլընտրանք՝
այլընտրանք պառակտմանը, որը տասնամյակներով թուլացրել է մեր պետականությունը,
այլընտրանք սխալ օրենքներին ու որոշումներին, որոնք թունավորում են հասարակական միջավայրը,
այլընտրանք խաղաղության այն մոդելին, որն անպատասխանատու որոշումների ու միակողմանի զիջումների տրամաբանության դաշտում է,
և վերջապես՝ այլընտրանք անվտանգային այն քաղաքականությանը, որը թողել է Հայաստանը առանց հուսալի դաշնակիցների։
«Առաջարկ Հայաստանին» ծրագրի միջոցով փորձ է արվում ձևավորել ազգային օրակարգ, որն ուղղված է ոչ թե առկա խնդիրները կարկատելուն, այլ դրանց խորքային լուծումներին։
Սա առաջարկ է հասարակությանը՝ մասնակցել ոչ միայն ծրագրի քննարկմանը, այլև իրական համատեղ աշխատանքին։
Որպես «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության ղեկավար՝ ես ողջունում եմ այս նախաձեռնությունը և հայտարարում մեր մասնակցության պատրաստակամությունը։
Մենք կարևորում ենք, որ թիմի ձևավորումը հիմնված լինի արժանավորության(մերիտոկրատիա), մասնագիտական կարողությունների և գաղափարական համոզվածության վրա։
Միայն այս կերպ կարող է ստեղծվել ոչ թե ձևական, այլ իրական այլընտրանք։
Այսօր Հայաստանին պետք է ընտրություն՝
ոչ թե հին սխալների և նոր վտանգների միջև, այլ հստակ ձևակերպված և կենսունակ այլընտրանքի օգտին»։