Դելտա շտամով վարակված երիտասարդ է մահացել. 18 տարեկան այլ երիտասարդ էլ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում
Դելտա շտամով վարակված երիտասարդ է մահացել. 18 տարեկան այլ երիտասարդ էլ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում
Դելտա շտամն աչքի է ընկնում ավելի մեծ վարակելիության աստիճանով, և հիվանդության ընթացքն ավելի ծանր է։ Այսօր Կառավարության նիստի ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ Նրա խոսքերով՝ նկատվում է ՔՈՎԻԴ-19-ը հիվանդության երիտասարդացում:
«Նախորդ շաբաթվա ընթացքում հրապարակել էի, որ ունենք քովիդով վարակված 20, 28 տարեկան երիտասարդներ, որոնք գտնվում են վերակենդանացման բաժանմունքում: Ցավով պետք է ասեմ, որ նրանցից մեկը մահացել է։ Այս պահին էլ ունենք 18 տարեկան երիտասարդ, որը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։ Սա իսկապես ահազանգ է, որ բոլորս հասկանանք և առաջիկայում մեր վարքագիծը շատ ավելի կարգապահ դարձնենք, ամեն մեկը, իր հանրային պատասխանատվության մասը կրելով, նպաստի, որ մեր բնակչության առողջությունը և կյանքը պաշտպանենք»,- ասաց նախարարը։
Այս պահին մոտ 1600 մահճակալ ունենք ծավալված, որոնցից 1400-ը զբաղված են։ Ծանր վիճակում է գտնվում 650 քաղաքացի, ծայրահեղ ծանր վիճակում՝ 126 քաղաքացի։
«Արհեստական շնչառական ապարատներին միացված են 51 քաղաքացիներ։ Այս պահին իրականացնում ենք քաղաքացիների հոսպիտալացում: Որևէ հերթ չունենք և հընթացս ծավալում ենք նաև նոր մահճակալներ»,- նշեց Ավանեսյանը։
Անդրադառնալով նաև վերջին օրերի պատվաստանյութային գործընթացին՝ նախարարը նշեց՝ նկատվում է պատվաստվել ցանկացող մարդկանց մեծ հոսք. «Վերջերս իրականացված հարցումները ցույց են տալիս, որ 40 տոկոսից ավելի քաղաքացիներ դիտարկում են պատվաստումը կարևոր գործիք: Երեկ իրականացվել է 6227 պատվաստում»: