Դա Ձեր սրտամոտ կերպարն է, փափագած կերպարը, Ձեր մտածելակերպը «Հրապարակ»
Դա Ձեր սրտամոտ կերպարն է, փափագած կերպարը, Ձեր մտածելակերպը․․․ Հրապարակը գրում է․ Որ դերասան Հովհաննես Ազոյանը սատարում է Արայիկ Հարությունյանին տրանսգենդեր Մել Դալուզյանի մասին պատմող «Մել» ֆիլմը ֆինանսավորելու համար, ինքն է ֆեյսբուքյան իր էջում գրառել. «Սատարում եմ․․․»։
Որ Հովոյի համար Նիդեռլանդների (Մելն այդտեղ է սեռափոխվել, ապրել) դեսպանատուն բացելը ցնծություն է, ինքն է գրառել․ «Հրաշալի է․․․»։
Որ դերասանի համար ազգային արժեքները պահպանելը տգիտություն է, ինքն է ասում․ «Գրո՛ղը տանի… ինչ ձանձրալի ու անշնորհակալ գործ է տգետ քարշ տալը դեպի ապագա…»։
Այդ տգետները նրանք են, ովքեր ուզում են չխարխլվի հայկական ավանդական ընտանիքը, մայրենին, եկեղեցին․․․ Այդ տգետներին Հովոյի ընկերները ջարդուխուրդ են անում, ծաղրում ու գրում տգետների հետ աշխատելու իրենց ծանր աշխատանքի մասին․ «Բայց գոնե պրոցեսը սկսվելա, առաջ հույս էլ չկար», «Դրանք լույսի վրա են գալիս», «Ահավորա ու 90% են կազմում»։
Ընկերներով գրառումներ են անում, որ ամեն ինչ անհուսալի է, անգամ դերասան Սոս Ջանիբեկյանը գրում է․ «վսյո ես հանձնվում եմ»։
Հանձնվում են, որովհետև ավանդապաշտ տգետները 90% են կազմում, իսկ 10 տոկոս լույսը իրենք են, որոնք պիտի լուսավորեն հասարակությանը՝ հանձինս Հովոյի, որ ընդվզում է․ «չէէէ)))»։
Չէի պեղի նման բաներ, եթե չկարդայի դերասան Հովոյի ֆեյսբուքյան էջում տեղադրած Tiv1-ին տրված զրույցը։ Նյութը ամբողջությամբ չեմ տեղադրում․
«Երեկ համացանցում և լրատվական որոշ կայքերում լուրեր տարածվեցին, որոնց համաձայն՝ վերջին օրերին լայն քննարկումների առիթ դարձած «Մել» ֆիլմում գլխավոր հերոսին՝ ծանրամարտիկ Մել (Մելինե) Դալուզյանին մարմնավորելու է դերասան Հովհաննես Ազոյանը։ Tiv1-ը, լուրերի իսկությունը պարզելու նպատակով, կապվեց դերասանի հետ։ Հովհաննես Ազոյանը մեզ հետ զրույցում հերքեց այդ տեղեկատվությունը՝ այն բնութագրելով որպես պրովոկացիա»։
Եկեք հասկանանք պրովոկացիա բառի իմաստը։ Էլի ես չեմ բացատրում, դիմենք հանրագիտարանին․
պրովոկացիայի, (գոյական)
1. Առանձին մարդկանց խմբավորումների՝ կուսակցությունների՝ երկրների դրդելը դեպի այնպիսի գործողություններ, որոնք կարող են հանգեցնել նրանց համար ծանր, երբեմն կործանիչ, հետևանքների:
2 Ոստիկանության գաղտնի գործակալների դավաճանական գործողությունները և դրանց իրականացման միջոցներն ու եղանակները՝ հեղափոխական կազմակերպությունների գործունեությունը լրտեսելու և
կազմակերպությունը քայքայող կամ թուլացնող արարքներ գրգռելու նպատակով:
3. Խռովություն, պրովոկացիոն բնույթի ապստամբություն: Փետրվարյան պրովոկացիա:
4. (խոսակցական) Մատնչություն:
Հիմա ուզում եմ հասկանալ, հարգելի դերասան, ձեր հայացքների ամբողջական ուղղվածությունն իմանալով, ի՞նչն է պրովոկացիա։ Դուք սատարում եք Մելին, նրան ֆինանսավորող ԿԳՍՄ նախարար Արայիկ Հարությունյանին, մեր ավանդական արժեքները համարում եք տգիտություն, զմայլանքով եք խոսում Լուսի Քոչարյանի, Սոս Ջանիբեկյանի արտաբերած յուրաքանչյուր բառի մասին, պրովոկացիա՞ եք համարում հենց ձեզ համար ստեղծած այդ կերպարում նկարվելու համար։
Դա ձեր սրտամոտ կերպարն է, փափագած կերպարը, ձեր մտածելակերպը։ Դուք այդ կերպարով կարող էիք ձեր 10 տոկոս լույսով պայքարել 90 տոկոս խավարի դեմ ու ցրել տգիտությունը՝ կորչեն ազգային արժեքները՝ ավանդական ընտանիքը, եկեղեցին, բանակը, մայրենին, հողը․․․ Կարող էիք դառնալ ազգի փրկիչ, լուսավորիչ։ Ինչու՞ եք վիրավորվում և պրովոկացիա համարում այդ դերում ձեր նկարվելը։ Վախենու՞մ եք տգետ 90 տոկոսից։ Բա դուրս եք եկել այդ 90 տոկոսի կարծրատիպերը կոտրելու ու այդքան թու՞յլ եք գտնվում։ Պարզապես պիտի ասեիք՝ ես շատ կցանկանայի, որ այդպես լիներ, բայց, ցավոք, չեղավ։
Աղբյուր՝ hraparak.am