Ազատ խոսք

Դարեր ի վեր քրիստոնյա ժողովուրդ ենք, ունենք Նարեկացի, Կոմիտաս, սակայն օդանավակայանից դեպի Երևան եկող ճանապարհը տրված է կահույքագործներին

Դարեր ի վեր քրիստոնյա ժողովուրդ ենք, ունենք Նարեկացի, Կոմիտաս, սակայն օդանավակայանից դեպի Երևան եկող ճանապարհը տրված է կահույքագործներին

Լրագրող Արթուր Հայրապետյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Ժամանակ կա. երբեք ուշ չի. կարդա՛

Արժեքների հեղափոխություն լինելու է.. և երևի չլիներ այն, ինչ ասում եմ, եթե արյունաքամ եղած մեր երկիրը չապաքինվեր։ Աշխարհի փորձը ցույց է տվել, որ բոլոր այն ազգերը, ովքեր խոսել են իրենց խնդիրների մասին` առանց գերարժեքության ու թերարժեքության պճնանքով, շատ արագ զարգացում են գրանցել բոլոր ոլորտներում` արվեստ, գիտություն, տնտեսություն և այլն:

Մեզ անհրաժեշտ է ուղիղ նայել մեր խնդիրներին, չշրջանցել դրանք և հույսներս չդնել օտարների վրա: Ցավոք, շատ տեղերում, իսկապես, մեզ ճանաչում են ցեղասպանության փաստի արդյունքում, սակայն կարող էին ճանաչել մեր գիտական ու արվեստի նվաճումներով:

Մենք անգամ մեր մասին պատմող մի արժեքավոր ֆիլմ չունենք: Մեծ-մեծ խոսում ենք, որ դարեր ի վեր քրիստոնյա ժողովուրդ ենք, ունենք Նարեկացի, Կոմիտաս, սակայն օդանավակայանից դեպի Երևան եկող ճանապարհը տրված է ոչ ավել, ոչ պակաս կահույքագործներին:

«Մտավորական» բառը մենք շատ ենք շահարկում, մինչդեռ իրական մտավորականը պետք է հե´նց ինքը կրողը լինի այդ կերպարի` թեկուզ մասամբ: Եթե անկեղծ լինենք, այսօրվա մտավորականը, կոնկրետ` գրողը, ո´չ իր ընթերցողի հետ է, ո´չ ժողովրդի, նա գրեթե չունի ազգային հիշողություն, չունի ապագայի մասին հստակ պատկերացումներ, իհարկե` երբեմն նաև հասկանալի պատճառներով:

Հետևաբար, չի ստեղծվում այն գրական կերպարը, որ մենք կուզեինք ունենալ: Ես ինքս գրող եմ, բայց դեռ չի ստացվում հասնել այն կերպարի կերտմանը, որը ես կուզեի, որին կհավատար իմ ընթերցողը: Ազգային մշակույթի պահպանումը կարևոր խնդիր է, որովհետև մշակույթ ասելով մենք երբեք պետք է նկատի չունենանք միայն արվեստը:

Մշակույթը ազգային արժեքների ամբողջությունն է, որ իր մեջ ներառում է գիտությունը, ազգային ծեսը, գենետիկան, արվեստը: Սա պահպանել նշանակում է պահպանել ազգային դիմանկարը: Սակայն, քանի որ, ինչպես նշեցի, մենք կորցրել ենք մեր ինքնանկարը, մեզ համար դրա պահպանումն ավելի բարդ է դառնում:

Սա ոչ միայն ստեղծագործողի, գիտնականի, արարողի խնդիրն է, այլ նաև այդ ստեղծագործողների ու արարողների գործունեությունը համակարգող պետական կառույցների: Հենց այդ պատճառով է, որ օտարներն առնում են մեր ուղեղները. երիտասարդ գիտնականները տարիներ շարունակ լքել են հայրենիքը: Ես լքողներին չեմ մեղադրում. բացի արարելուց կա նաև կեցության խնդիր. ապրել է պետք:

Ազգային մշակույթի պահպանումը, բնականաբար, հետապնդում է ազգային շահ: Մենք ունենք հզոր ռեսուրսներ, սակայն գրեթե զուրկ ենք դրանք արժանավոր կերպով ներկայացնելու դիվանագիտությունից: Գուցե ընթերցողը կարդա ու ասի ինձ` «ի՞նչ ելք ես տեսնում»:

Ես կպատասխանեմ` «դա առաջին հերթին պետության խնդիրն է: Երբ պետական օղակներում տարիներ շարունակ տեղավորված են երկրի ու ազգային շահի հանդեպ ոչ սրտացավ ու չկարդացած մարդիկ, արդյունքը սրանից ավել լինել չի կարող, և ելքն էլ դեռ հեռու կլինի իրագործումից…»:

Այժմ մենք այս խնդիրների մասին պետք է մտածենք, որովհետև մենք ազատվել ենք նախորդ իշխանությունների լծի տակից և պետք է այժմ գործի անցնել: Ու երբեք չնահանջել։ Ցավոք, մենք մեր երկրում սպանել ենք մեր արժեքները:

Արժեքների հեղափոխություն լինելու է.. Մնալով կորրեկտության սահմաններում` ասեմ, որ լռելով չենք հասնելու հաջողությունների, առավել ևս՝ կոծկելը երբեք մեզ ավելի լավ վիճակի չի հասցնի, քան խնդիրների մասին բարձրաձայնելը, մանավանդ` գրականության միջոցով:

Արժանիքները խանդում են իրար, պայքարում իրար դեմ, իրար ոչնչացնում և ցույց տալիս ամեն ինչում իրենց անհամատեղելիությունն ու անհանդուրժողականությունը:

Հ.Գ. բայց նաև գնահատում են իրար։ Պիկասոյի ու Մոդիլիանիի կամ Չարենցի ու Տերյանի «թշնամությունը» հիշեցի )) Ես հենց այստեղ էլ թերևս լռեմ…»:

Կիսվել