Դատարանը ցմահ ազատազրկման դատապարտված Կարեն Օգանեսյանին պայմանական ազատեց պատժից
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Արթուր Մկրտչյանի, քիչ առաջ որոշեց ցմահ ազատազրկման դատապարտված Կարեն Օգանեսյանին պայմանական վաղաժամ ազատել պատժից:
Սա հազվադեպ երևույթ է. թեև Հայաստանում ցմահ ազատազրկման դատապարտված անձանց պայմանական վաղաժամկետ ազատ արձակման իրավակարգավորումը առկա է, տարիներ շարունակ ցմահներն ազատ չեն արձակվել:
Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկը, որտեղ պատիժ է կրում Օգանեսյանը, վերջերս դատապարտյալի պայմանական վաղաժամկետ ազատման վերաբերյալ դրական եզրակացություն է տվել, և օրենքով սահմանված կարգով նրան ազատ արձակելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան, որն այսօր քննվում էր:
«Դատապարտյալ Կարեն Վալերիի Օգանեսյանը պատժի կրման ընթացքում դրսևորել է դրական վարքագիծ և դատապարտյալի կողմից նոր հանցանք կատարելու հավանականությունը ցածր է, դատապարտյալը կանգնել է ուղղման ճանապարհին, ուստի վերջինիս պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու ներկայացնելը նպատակահարմար է»,- գրված է Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկի սոցիալ-հոգեբանական և իրավական աջակցության բաժնի գլխավոր մասնագետ Արմեն Պետրոսյանի կողմից ստորագրված եզրակացության մեջ:
Վերջինս այսօր դատարանում էր, Օգանեսյանի ազատ արձակման դեմ առարկություն չներկայացրեց: Առարկություն չներկայացրեց նաև նիստին ներկա դատախազ Աշոտ Խաչատրյանը: