Դատախազությունն ուսումնասիրում է երգիչ Անդրեի կնոջ գրառումը
Երգիչ Անդրեի (Անդրեյ Հովնանյան) կնոջ՝ Անի Օհանյանի գրառման դեպքի առթիվ Դատախազությունում ուսումնասիրություն է սկսվել։ Այս մասին Factor TV-ի հարցին ի պատասխան հայտնեցին Գլխավոր դատախազությունից։
Նշենք, որ 2024-ի տարեվերջին մամուլում հրապարակումներ եղան, որ երգիչն ու կինը՝ երգչուհի Անի Օհանյանը, բաժանվել են։ Տևական լռությունից հետո Անի Օհանյանը երեկ գրառում է կատարել, որում, թեև Անդրեի անունը չի նշել, բայց բովանդակությունից պարզ է դառնում, որ խոսում է նրա մասին։
«Իմ ճանապարհը լի էր վախերով ու պայքարով։
Ես սիրում էի այն մարդուն, ով հմայեց ինձ: Բայց ջենթլմենի գեղեցիկ դիմակի հետևում սարսափելին էր թաքնված։ Սկզբում ամբողջ ժողովրդի աչքի առաջ ծնվեց հեքիաթը։ Դուք հավատացիք նրան այնպես ինչպես ես:
Շուտով աշխարհը սկսեց փլուզվել: Իմ ամեն օրը սկսվում էր տագնապով ու անհանգստությունով՝ «Այսօր նա չար կլինի, թե բարի», «նորից կվիրավորի, կհարվածի, թե կրկին սպառնալու է, որ կզրկի երեխայից:» Ես կարծում էի, որ կարող եմ փրկել ընտանիքը և փոխել նրան դեպի լավը, սակայն նրա ագրեսիան միայն աճում էր։ Նա չէր գիտակցում, թե որքան ցավ է պատճառում ինձ:
Ես զգում էի, որ հոգիս դանդաղորեն քանդվում է, բայց շարունակում էի հուսալ, որ նա կհասկանա և կփոխվի: Ես հասկացա, որ սերը չպետք է տառապանք բերի: «Կներես» բառը ելք չէ։
Դա անընդհատ կրկնվում էր: Այսօր ես համարձակվում եմ խոսել: Այս ամբողջ ընթացքում ես ստիպված էի ժպտալ տեսախցիկների և մարդկանց առջև՝ ցուցադրել «երջանկություն» այն ժամանակ, երբ ոչ ոք չգիտեր, թե ինչ է կատարվում փակ դռների հետևում: Այս գրառումը ոչ միայն աղաղակ հոգու, դա կոչ է բոլոր կանանց, ովքեր տառապում են ինձ նման։
Աղջիկներ, կանայք, մայրեր Դուք արժանի եք սիրո, որը բերում է լույս և ոչ թե խավար»,- Ինստագրամի իր էջում գրել էր երգչուհին։
Նշենք, որ Քրեական դատավարության օրենսգրքի համաձայն՝ Զանգվածային լրատվության միջոցներում առերևույթ հանցանքի մասին հրապարակված տեղեկությունները քննիչի համար կարող են քրեական վարույթ նախաձեռնելու առիթ լինել:
Քրեական օրենսգրքի համաձայն էլ՝ ընտանիքում բռնության հատկանիշներ պարունակող ենթադրյալ հանցագործությունների դեպքում, անգամ տուժողի հետ հաշտության համաձայնության դեպքում անձը չի ազատվում քրեական պատասխանատվությունից։
Քրեական դատավարության օրենսգրքի 11-րդ հոդվածով էլ սահմանվում է, որ ընտանիքում բռնության հատկանիշներով հանցանքներով, անկախ քրեական հայց ներկայացնելուց կամ քրեական հայցից հրաժարվելուց՝ դատախազի նախաձեռնությամբ քրեական հետապնդումն իրականացվում է հանրային կարգով։
Վերը նշված կարգավորումներից բխում է, որ Անի Օհայանի գրառումն ինքնին կարող է քրեական վարույթ նախաձեռնելու առիթ լինել։