Դավիթ Տոնոյանը պարտվեց այս անգամ ՍԴ-ում
Դավիթ Տոնոյանի դիմումի հիման վրա՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 300-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործի քննությունը Սահմանադրական դատարանը մերժել է, գրել է «Առավոտ»-ը։
Պաշտպանության նախկին նախարար Դ. Տոնոյանը Սահմանադրական դատարանի առջեւ բարձրացրել էր հետեւյալ հարցը. արդյո՞ք ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 300-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետը համապատասխանում է Սահմանադրության 61-րդ հոդվածով երաշխավորված՝ արդյունավետ դատական պաշտպանության հիմնական իրավունքի բովանդակությանը, այն պայմաններում, երբ իրավասու դատախազի կողմից կայացված՝ մինչդատական ակտի դեմ բերված բողոքն առանց քննության թողնելու մասին որոշումը «բողոքի բավարարումից տարբերվող պատասխան» եզրույթի իմաստային ծանրաբեռնվածության ծավալում չընդգրկելով, իրավասու դատախազի կողմից կայացված՝ մինչդատական ակտի դեմ բերված բողոքն առանց քննության թողնելու մասին որոշման առկայության դեպքում վիճարկվող դրույթը բացառում է մինչդատական ակտի դեմ ներկայացված դատական բողոքի հիման վրա մինչդատական ակտը վիճարկելու վարույթ հարուցելու, հետեւաբար՝ նաեւ դատական բողոքն ըստ էության քննելու հնարավորությունը:
ՍԴ-ն արձանագրել էր, որ անհատական դիմումին կից ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրությունը վկայում է, որ դիմողի փաստաբան Անդրանիկ Մանուկյանի կողմից ՀՀ քննչական կոմիտեի` պետության, սահմանադրական կարգի հիմունքների եւ հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչության երկրորդ վարչության պետ Գ. Հայրապետյանի՝ 2024 թ. հուլիսի 10-ի որոշման դեմ ՀՀ Գլխավոր դատախազություն է ներկայացվել բողոք, որի կապակցությամբ ՀՀ Գլխավոր դատախազության` սահմանադրական կարգի հիմունքների, պետության եւ հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալ Գ. Հովակիմյանը 2024 թ. օգոստոսի 1-ին կայացրել է «Պաշտպանի բողոքն առանց քննության թողնելու մասին» որոշում, որով արձանագրել է. «Ըստ ներկայացված հիմնավորումների՝ փաստաբանը բողոք ներկայացնելու ժամկետը բաց է թողել այն պատճառով, որ 1 օր՝ 2024 թ. հուլիսի 17-ից մինչեւ հուլիսի 18-ը գտնվել է Սյունիքի մարզի Գորիս քաղաքում եւ մասնակցել է դատական նիստի»:
Փաստաբան Անդրանիկ Մանուկյանը Դավիթ Տոնոյանին պատկանող բջջային հեռախոսները վերադարձնելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու մասին վարույթն իրականացնող մարմնի՝ 2024 թ. հուլիսի 10-ի որոշման դեմ բողոք է ներկայացրել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված ժամկետի անհարգի բացթողմամբ, հետեւաբար ներկայացված բողոքը պետք է թողնել առանց քննության: Որոշման դեմ փաստաբան Անդրանիկ Մանուկյանը ՀՀ հակակոռուպցիոն դատարանին է ներկայացրել «ՀՀ քննչական կոմիտեի՝ պետության, սահմանադրական կարգի հիմունքների եւ հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչության երկրորդ վարչության պետ Գ. Հայրապետյանի՝ 2024 թ. հուլիսի 10-ի որոշման դեմ» վերտառությամբ բողոք:
ՀՀ հակակոռուպցիոն դատարանը թիվ ՀԿԴ/0212/11/24 գործի շրջանակներում նշված բողոքի կապակցությամբ 2024 թ. սեպտեմբերի 23-ին կայացրել է «Բողոքը քննության առնելու մասին» որոշում, որով, բովանդակային առումով քննարկման առարկա դարձնելով քննիչի՝ 2024 թ. հուլիսի 10-ի որոշումը, կայացրել է բողոքը բավարարելու մասին որոշում՝ համապատասխան քրեական վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի վրա դնելով քննիչի վերոնշյալ որոշումը վերացնելու եւ խնդրո առարկա բջջային հեռախոսները Դավիթ Տոնոյանին վերադարձնելը քննիչին հանձնարարելու պարտականություն:
Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը փաստել էր նաեւ. «…պահպանված չէր ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 300-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված պահանջը, հետեւաբար՝ ի սկզբանե Դատարանը վարույթ չպետք է հարուցեր եւ բողոքի բովանդակային քննարկում չպետք է իրականացներ»:
Ըստ Դ. Տոնոյանի՝ մի կողմից ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքն իրավամբ «որպես նորմալ է համարում այն պարագան, երբ արդյունավետ դատական պաշտպանության հիմնական իրավունքն իրացվում է այն դեպքում, երբ իրեն ներկայացված բողոքն իրավասու դատախազն ընդհանրապես չի քննարկել, մյուս կողմից, սակայն, նույն օրենսգիրքը «որպես նորմալ չի գնահատում» արդյունավետ դատական պաշտպանության հիմնական իրավունքի իրացումն այն դեպքում, երբ իրեն ներկայացված բողոքն իրավասու դատախազը բովանդակորեն չի քննարկել:
Իսկ ՍԴ գնահատմամբ. «Սահմանադրական դատարանի կողմից ոչ թե վիճարկվող դրույթի սահմանադրականության գնահատում, այլ թիվ ՀԿԴ/0212/11/24 գործի շրջանակներում Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի եւ Վճռաբեկ դատարանի կայացրած դատական ակտերի իրավաչափության ստուգում, ինչը դուրս է Սահմանադրական դատարանի իրավասության շրջանակից»: