Մամուլ

Դավիթ Սանասարյանի մեղադրանքն ամբողջությամբ հիմնավոր է. ԱԱԾ քննչական դեպարտամենտի ղեկավար․ «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակը» գրում է․ ԱԱԾ քննչական դեպարտամենտի ղեկավար Արթուր Աղաջանյանը թերթի հետ զրույցում հայտարարել է, որ Դավիթ Սանասարյանին առաջադրված մեղադրանքն ամբողջությամբ հիմնավոր է:

«Մենք մեղադրանք առաջադրեցինք, քանի որ ունեինք ապացուցողական այն համակցությունները, որն ամբողջությամբ մեզ իրավունք էր վերապահում մեղադրանք առաջադրելու համար»,-ասել է Արթուր Աղաջանյանը:

ԱԱԾ քննչական դեպարտամենտի ղեկավարը, արձագանքելով նաև Սանասարյանի փաստաբան Ինեսսա Պետրոսյանի հայտարարությանը, թե «ուղղորդված քննություն է ընթանում», ասել է. «Ես հակառակը կպնդեի: Ավելի շատ փաստաբաններն են ուղղորդում տվյալ դեպքում, որովհետև նույն փաստաբանները, մասնավորապես տիկին Պետրոսյանը, մինչև այս գործը բազմաթիվ քրեական գործերում ներգրավված է եղել որպես պաշտպան և բազմաթիվ անգամ շեշտել է ԱԱԾ քննչական մարմնի անաչառությունը, օբյեկտիվությունը, թեկուզև մարդկային մոտեցումը:

Տարակուսանք է առաջացնում այն հանգամանքը, որ տիկին Պետրոսյանը պնդում է, թե ԱԱԾ-ում տվյալ քրեական գործն ուղղորդված է, կարված է ԱԱԾ կողմից, շինծու է: Այս բոլոր պնդումներում առկա է հանցակազմ, եթե առկա է հանցակազմ, և հիմնավորված պնդումներ են, ինչպես իրենք են դա մեկնաբանում, ապա ինչո՞ւ հանցագործության մասին հաղորդմամբ չեն դիմում գլխավոր դատախազին, որպեսզի ԱԱԾ քննիչի նկատմամբ հարուցի քրեական գործ: 

Անհասկանալի է նաև Ինեսսա Պետրոսյանի ամուսնու՝ նույնպես փաստաբան Կարեն Մեժլումյանի՝ սոցցանցում գործի առնչությամբ արած գրառումը: Կարեն Մեժլումյանն իրեն իրավունք է վերապահում հայտարարություն անել տվյալ քրեական գործի ընթացքի կապակցությամբ Արթուր Վանեցյանի հայտարարությունների վերաբերյալ, մասնավորապես նրա մասին, որ քրեական գործը դատարան ուղարկելուց հետո ամեն ինչ կպարզվի: Պարոն Մեժլումյանն այս քրեական գործով որպես պաշտպան ներգրավված չէ, և տիկին Պետրոսյանի ամուսինը լինելու հանգամանքը որևէ իրավունք նրան չի վերապահում տվյալ քրեական գործով այդպիսի հայտարարություն անել:

Վանեցյանի հայտարարությունն արձանագրում էր այն հանգամանքը, որ եթե կա հարուցված գործ, որով կան մեղադրյալներ և կալանավորվածներ, ապա ենթադրվում է, որպես կանոն, որ տվյալ քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվելու է դատարան, և դա որևէ կերպ չի խոսում այն մասին, որ գործը դատարան ուղարկելը կանխորոշված է Վանեցյանի կողմից»:

Առավել մանրամանս՝ թերթի այսօրվա համարում:

Կիսվել