Դանակահարություն՝ Ջրվեժում հայտնի «Դվին» ռեստորանային համալիրի դիմաց. կան վիրավորներ
Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ հուլիսի 14-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 01:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Կոտայքի մարզային վարչությունում, ոստիկանության Կոտայքի բաժնում և ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ջրվեժ թաղամասում գործող «Դվին» ռեստորանային համալիրի մոտ վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ 2 քաղաքացի դանակահարվել է։
Տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունները հավաստի էին. նշված վայրից հիվանդանոց է տեղափոխել 2 քաղաքացի։
Տեղում ոստիկաններն ու պարեկները պարզել են, որ վիրավորները Երևանի բնակիչներ 30-ամյա Հարութ Ս.-ն է և 28-ամյա Արման Ա.-ն։
Նշված ռեստորանային համալիրի դիմաց ոստիկաններն ու պարեկները հայտնաբերել են արնանման հետքեր։
Դեպքի մասին ոստիկանության Կոտայքի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Հովհաննես Չալաբյանի, Աբովյանի քննչական բաժնի պետ Սերոժ Ավետիսյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Դեպքի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ոստիկաններն ու քննիչները օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ նույն օրը՝ ժամը 00:50-ի սահմաններում նշված ռեստորանային համալիրի դիմաց վիճաբանություն է տեղի ունեցել Հարութ Ս.-ի, Արմեն Ա.-ի և մեկ այլ անձի միջև (ում ինքնությունը պարզվում է), որի ժամանակ անհայտ անձը դանակով հարվածներ է հասցրել վերջիններիս։