Դանակահարություն՝ Երևանի կենտրոնում, մասնակիցների մեջ են նաև անչափահասներ
Դանակահարություն՝ Երևանի կենտրոնում, մասնակիցների մեջ են նաև անչափահասներ
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ մայիսի 11-ին դանակահարություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։25-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Կենտրոնական բաժին հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել անհայտ քաղաքացի և հայտնել, որ Արամի փողոցի 3 հասցեի մոտ ծեծկռտուք է:
Նույն օրը ժամը 21։45-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հերթական ահազանգ է ստացվում որ Աբովյան 1/3 հասցեում գործող «Բլեք Սթար Բուրգեր»-ի դիմաց անհայտ անձը դանակահարել է մոտ 30 տարեկան տղամարդու:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, որոշ ժամանակ անց ՀՀ ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն են զանգահարել «Նաիրի» բժշկական կենտրոնից և հայտնել են, որ Հյուսիսային պողոտայում տեղի ունեցած դանակահարության հետևանքով «կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել մի քաղաքացի։
Օպերատիվորեն հիվանդանոց են մեկել ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Երվանղ Նիկոյանի, բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Գարակյանի գլխավորությամբ։
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արսեն Ստեփանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի և վաշտի հրամանատար Վլադիմիր Դերձյանի գլխավորությամբ։
Հիվանդանոցում ոստիկաններին բժիշկները հայտնել են, որ վիրավորը ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու, քանի որ գտնվում է վիրահատարանում։
Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Երևանի բնակիչ 31-ամյա Կարեն Ա․-ն է։
Ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նույն օրը ժամը 21։20-ի սահմաններում Հյուսիսային պողոտա 11 հասցեի կայանատեղիում Կարեն Ա․-ի ընկերուհու վերաբերյալ առաջացած հարցի շուրջ իր ընկերներ, Արարատի մարզի բնակիչ 26-ամյա Անդրանիկ Դ․-ի, Երևանի բնակիչներ 30-ամյա Մայիս Հ․-ի և 30-ամյա Սամվել Բ․-ի հետ վիճաբանել են Երևանի բնակիչներ 21-ամյա Դավիթ Ա․-ի, 17-ամյա Դավիթ Մ․-ի, Շիրակի մարզի բնակիչ 13-ամյա Ալեն Ք․-ի և ոմն Մուրադի հետ, որի ժամանակ վերջիններս կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց, իսկ Դավիթ Ա․-ն իր մոտ եղած սուր կտրող-ծակող առարկայով հարվածել է Կարեն Ա․-ին՝ պատճառելով մարմնական վնասվածք:
Ոստիկանների կողմից ձեռնարկված միջոցառումների շնորհիվ նույն օրը երեկոյան Անդրանիկ Դ․-ն և Մայիս Հ․-ն խուլիգանություն կատարելու և մարմնական վնասվածք հասցնելու կասկածով ձերբակալվել և տեղափոխվել են ոստիկանության Կենտրոնական բաժին, իսկ Սամվել Բ․-ն ինքնակամ է ներկայացել, որտեղ ձերբակալվել է։
Ոստիկանությունը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ հետախուզական միջոցառումներ ոմն Մուրադի ինքնությունը պարզելու, վերջինիս, դեպքի մյուս մասնակիցներին և հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ:
Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին, որտեղ դեպքինփաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։