Գևորգ Պետրոսյանի դատախազ եղբայրը բերման է ենթարկվել չենթարկվելով պարեկների հրահանգին
Գևորգ Պետրոսյանի դատախազ եղբայրը բերման է ենթարկվել չենթարկվելով պարեկների հրահանգին
Armtimes.com-ը գրում է․ Այսօր մամուլում տեղեկություն տարածվեց այն մասին, որ ԱԺ նախկին պատգամավոր Գևորգ Պետրոսյանի եղբայրը՝ դատախազ Էդգար Պետրոսյանը, բերման է ենթարկվել ոստիկանություն և ձերբակալվել:
«Հայկական ժամանակի» հետ զրույցում ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Վարդան Թադևոսյանը հայտնեց, որ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազության դատախազ Էդգար Պետրոսյանին պարեկները կանգնեցրել են Նոր Նորք վարչական շրջանում գտնվող «Երևան սիթի» սուպերմարկետի մոտ, սակայն վերջինս չենթարկվելով պարեկների հորդորին՝ մեքենան վարել է մինչև իր տուն:
«Իր տունը գտնվում է Ավան վարչական շրջանի Դուրյան թաղամասում: Այս թաղամասի տների մի հատվածը Կոտայքի տարածքի մեջ է մտնում, այդ պատճառով գործը փոխանցվել է ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչություն: Գործը վարույթ է ընդունվել, ուղարկվել է Կոտայքի մարզի դատախազություն: Էդգար Պետրոսյանը ձերբակալված չէ»,-ասաց նա:
Նշենք, որ ըստ տեղեկությունների դատախազ Էդգար Պետրոսյանը եղել է ալկոհոլի ազդեցության տակ, բերման ենթարկվելիս դիմադրել է: Արդյունքում պարեկային ծառայության աշխատակիցները ստիպված են եղել արցունքաբեր գազ կիրառել: