«Գործ անելու փոխարեն իշխանություններն ահռելի ռեսուրսներ են ծախսում սոցցանցային պատերազմների վրա». Գագիկ Համբարյան
«Գործ անելու փոխարեն իշխանություններն ահռելի ռեսուրսներ են ծախսում սոցցանցային պատերազմների վրա». – այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է քաղաքագետ Գագիկ Համբարյանը։
«Պապանձվե՛ք, անամոթներ…
Բացարձակ նպատակ չունեի անդրադառնալու այս թեմային, բայց երեկ facebook-ում տեղի ունեցած իրարանցումը՝ կապված ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի տարեդարձի կապակցությամբ որոշ անձանց շնորհավորանքների հետ, ուղղակի սարսափեցնում և զայրացնում է նորմալ մարդուն…
Որքան կարելի էր նկատել, իշխանամետ կեղծ և իրական օգտատերերը, որոնք հովանավորվում են համապատասխան ՊՈԱԿ-ի կողմից, ինչպես նաև որոշ այլ օգտատերեր, որոնց ատելությունը Քոչարյանի նկատմամբ ունի անձնական բնույթ, նախօրոք պատրաստվել էին երեկվա օրվան…
Ուղղակի աննկարագրելի հիստերիա առաջացրեց իշխանամետների և հակաքոչարյանականների մոտ բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամի և Արցախի թեմի առաջնորդ Պարգև սրբազանի շնորհավորանքները՝ Քոչարյանի 65-րդ տարեդարձի կապակցությամբ…
Նողկալի և զզվելի էր ընթերցել դրանց անեծքախառը, հայհոյախառը, շանտաժներով և ամոթանքներով լի մեկնաբանությունները… Իսկ որոշ սրբապիղծ տականքներ էլ, իրենց նեղ շահերից ելնելով, այլանդակ վիրավորանքներ են ուղղել Պարգև սրբազանին…
Ծիծաղելին այն է, որ facebook-ում իշխանամետ այս ամբոխն իրեն ներկայացնում է որպես “ժողովուրդ” և “հանրություն” և իրենց խուլիգանությունն ու լկտի պահվածքը վերը նշված “ժողովրդի” և “հանրության” շահերից ելնելով է ներկայացնում, այնինչ այս փողոցային անդաստիարակ ամբոխը որևէ մեկի շահը չի կարող ներկայացնել և նույնիսկ իշխանամետների համար է ամոթ, որ այս գարշահոտ զանգվածը իրենց շահը ներկայացնի…
Ծիծաղելին նաև այն է, երբ ինչ-որ գեղցի անմակարդակ, կամ սոցցանցերում սեփական դեմքը թաքցնող մեկը, ամոթանք տալով Արթուր Աբրահամին, հայտարարում է, որ աշխահրահռչակ մարզիկն իր աչքից ընկել է` Քոչարյանի ծնունդը շնորհավորելու համար… Վայ՜, ո՜նց կլիներ…
Աշխարհը փուլ եկավ, որ Արթուր Աբրահամը ձեր աչքից ընկավ… Ա՛յ խղճուկներ, ի տարբերություն “ձեզ” նման ամբոխի մասնիկների, Արթուրը քաղաքացուն բնորոշ կեցվածք է դրսևորում՝ առանց վախենալու սեփական կարծիքը հայտնում է, որը գովելի է և չի ընկրկում ինչ-որ խուժանի առաջ…
Համոզված եմ, որ հայ ժողովրդի պարծանքերից մեկը համարվող Արթուր Աբրահամն արհամարհած ունի փողոցային խուժանի լկտի պահվածքը… Մեզ նման փոքր ազգին աշխարհը, որքան էլ որ շատերը չընդունեն, ճանաչում է ոչ թե Տեր-Պետրոսյանի, Քոչարյանի, Սարգսյանի կամ Փաշինյանի, այլ Արթուր Աբրահամի և նրա նման մարդկանց շնորհիվ, ովքեր, լինելով այլ պետության քաղաքացի, ամեն ինչ անում են իրենց պատմական հայրենիքը գովազդելու և ճանաչելի դարձնելու համար…
Հայաստանի բոլոր քաղաքացիներն իրենց կարծիքն ազատ արտահայտելու իրավունք ունեն… Պարոնայք Տեր-Պետրոսյանի, Քորաչյանի, Սարգսյանի, Փաշինյանի կողմնակիցները, ընտանիքների անդամները, ընկերները, իրենց համակրող քաղաքացիները և երկրպագուներն առանց վախի իրավունք ունեն շնորհավորել վերը նշված անձանց…
Սոցցանցային երեկվա խուլիգանության կազմակերպիչներին խորհուրդ կտամ, պապանձվել և վեր ընկնել տեղները… Լավ հիշեք, որ սուրն ունի երկու ծայր…
Այս այլանդակությունն իշխանությունների հռչակած “փողոցային իշխանության” հետևանքներից է, երբ ինչ-որ մեկը, ուրիշի կարծիքը չհարգելով և չընդունելով, “ժողովրդին” բառացիորեն կոչ է անում հարձակվել նրա վրա կամ էլ ինչ-որ զանգված, որն ավելի շատ ամբոխ է հիշեցնում, իր կարծիքն է բռնի ձևով պարտադրում այլ կարծիք ունեցողներին…
Հայաստանում, իշխանությունների համաձայնությամբ, շարունակվում է հասարակությունը “սևերի” և “սպիտակների” բաժանելու արդեն ռադիկալ գործընթացը… Բայց մի բան իշխանությունները հաշվի չեն առնում. այդ “սպիտակներից” մի ստվար հատված արդեն “մոխրագույն” է և կամաց-կամաց թևակոխում է “սևերի” դաշտը…
Հ.Գ. Գործ անելու փոխարեն իշխանություններն ահռելի ռեսուրսներ են ծախսում սոցցանցային պատերազմների վրա, որն արդյունավետ կարող է լինել միայն մեկ դեպքում՝ հասարակությունը պետք է իր վրա զգա հետհեղափոխական իշխանությունների դրական գործերը…
Այլ պարագայում այդ պատերազմների արդյունքները կարճատև են, իսկ շատ շուտով էլ դրանք հակառակ էֆեկտն են տալու…»։