Ազատ խոսք

Բավական է, ինչքան կատակով և սարկազմով խոսեցինք այս սոդոմգոմորի մասին, լրջանանք և հասկանանք իրականում ի՞նչ է կատարվում․ Սամսոն Գրիգորյան

Գործարար Սամսոն Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Բավական է, ինչքան կատակով և սարկազմով խոսեցինք այս սոդոմգոմորի մասին, լրջանանք և հասկանանք իրականում ի՞նչ է կատարվում։

Ամեն ինչ ավելի քան պարզ և ակնհայտ է

Իշխանությունը թեթև մարդատար մեքենաների դեմ պայքարի պատրվակով անընդհատ բարդացնում է երկրի տրանսպորտային էպիկենտրոնի՝ Երևանի երթևեկությունը։

Իրապես գալիք կոլապսը կանխելու նպատակ ունենալու դեպքում, յուրաքանչյուր ադեկվատ իշխանություն առաջին հերթին կաներ ամեն ինչ, որպեսզի նվազեցներ էժան մեքենաների ներհոսքը երկիր, ընդհանրապես կարգելեր վթարված թափոնի ներմուծումը, ուղևորների քանակը մի քանի անգամ գերազանցող տաքսիների խնդիրը կհամակարգեր, նորակառույց թաղամասերին զուգահեռ մեծ ավտոկայանատեղերի կառուցումը կապահովեր, էլեկտրական մոպեդների և հեծանիվների ներմուծումը կխթաներ, դրանց վարձակալությամբ զբաղվող ընկերությունները հարկային արտոնություններով կբազմացներ և նմանատիպ հարյուրավոր էժան և հեշտ միջոցների կիրառմամբ կկարգավորեր ամբողջ համակարգը։

Այսօր իշխանությունը հող է նախապատրաստում ապագայում իրեն հեշտ և անդադար եկամուտ ապահովելու համար։

Շուտով՝ կարծում եմ մոտակա մի քանի տարում, կլսենք նմանատիպ մի հայտարարություն։ Քանի որ երկրում մեքենաների քանակը գնալով աճում է և անհնար է դառել երթևեկությունը, կառավարությունը որոշել է մի քանի անգամ թանկացնել մեքենաների գույքահարկը, կներդրվի ուտիլիզացիոն հարկ, Երևանի կենտրոն մուտքը կդառնա վճարովի։

Նմանատիպ կացնային օրենքներ ներդնելու և կիրառելու համար մեծ խելք հարկավոր չէ։ Իսկ հաշվի առնելով սրանից բխող միլիարդավոր եկամուտները, պարզ է դառնում, թե ինչու՞ է իշխանությունն այս պահին կատարում երթևեկության փոփոխություններ, որոնք ավելի շատ նման են կրակոցի սեփական ոտքին, քան բարեփոխման»։