Գորբաչովը Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծման մասին
Գորբաչովը Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծման մասին
ԽՍՀՄ նախկին նախագահ Միխայիլ Գորբաչովը հույս է հայտնել, որ Ռուսաստանը կկարողանա օգնել Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորմանը, ընդ որում, նրա կարծիքով, գլխավոր դերը Հայաստանինն ու Ադրբեջանինն է․ անհրաժեշտ է լուծում գտնել ի շահ 2 կողմերի՝ «առանց հաղթողների և պարտվողների»:
«Ինչ վերաբերում է Ղարաբաղին… շատ ծանր հարց է՝ հին, արմատներով դեպի անցյալը։ Երբ այն սրվեց, մենք փորձում էինք օգնել 2 հանրապետություններին, 2 ժողովուրդներին լուծում գտնել։
Եվ հետագայում Ռուսաստանը ևս փորձում էր»,- РИА Новости-ին տված հարցազրույցում ասել է Գորբաչովը:
Նախկին խորհրդային առաջնորդը վստահ է, որ այժմ, երբ ռազմական գործողությունները դադարեցված են, կարևոր է կանգ չառնել, տասնամյակներով խնդիրը չլուծված չթողնել։
«Հուսով եմ՝ Ռուսաստանը կկարողանա օգնել, բայց գլխավոր դերը հակամարտության կողմերինն է։ Հայաստանն ու Ադրբեջանը պարտավորություն են ստանձնել բանակցություններ վարել դրա կարգավորման շուրջ։ Որոշումը պետք է բխի 2 կողմերի շահերից՝ առանց հաղթողների և պարտվողների»,- հայտարարել է նա։