Մամուլ

Գողություն՝ Երևանում․ ձերբակալվել է «Chevrolet Volt»-ի կողային հայելիները գողացած 39-ամյա քաղաքացին

Shamshyan.com-ը գրում է․ «Դեկտեմբերի 17-ին գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։45-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Արշակունյաց պողոտայի 250/1 հասցեում գողություն է տեղի ունենում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն դեպքի վայր են մեկնել ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արթուր Մկրտչյանի, բաժնի պետ տեղակալ Արծրուն Միքայելյանի  գլխավորությամբ։

Արդեն տեղում Արարատի մարզի բնակիչ 26-ամյա Վիգեն Գ․-ն ոստիկաններին հայտնել է, որ ժամը 20։30-ի սահմաններում նկատել է, որ անհայտ անձը փորձել է գողանալ Արշակունյաց պողոտայի 250/1 հասցեի մոտ կայանված «Chevrolet Volt» մակնիշի ավտոմեքենայի հայելիները, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չի հասցրել և դիմել է փախուստի։

Գ․ Շամշյանի տեղեկություններով ՀՀ ՆԳՆ ոստիկանության գվարդիայի հատուկ սպառազինության և մարտավարության գնդի 2-րդ գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի 3-րդ ջոկի ոստիկանները դեկտեմբերի 17-ին ժամը 20։30-ի սահմաններում գտնվելով Արշակունյաց պողոտայի 250/1 հասցեի մոտ նկատել են վազող քաղաքացիների, որոնցից՝ Վիգեն Գ․-ն, հայտնել է, որ փախուստի դիմող անձը գողացել է իր ավտոմեքենայի հայելիները, որից հետո ոստիկանների միջամտության շնորհիվ փախուստը կանխվել է և նշված հասցեից գողության փորձ կատարելու կասկածի առկայության հիմքով նշված անձը ձերբակալվել և ներկայացվել է ոստիկանության Շենգավիթի բաժին, որտեղ պարզվել է, որ վերջինս հանդիսանում է Երևանի բնակիչ 39-ամյա Վահան Բ․-ն։

Դեպքի փաստով ոստիկանության Շենգավիթի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժին»։