Մամուլ

Գողություն «Ալեքսանդր» հյուրանոցում. բերման են ենթարկվել Նարգիզը, Վարդը, Մանուշակը, Նեկտարը և Շուշանը

Գողություն «Ալեքսանդր» հյուրանոցում. բերման են ենթարկվել Նարգիզը, Վարդը, Մանուշակը, Նեկտարը և Շուշանը

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ հունիսի 25-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Կենտրոնական բաժին է դիմել Աբովյան փողոցում գործող «Ալեքսանդր» հյուրանոցային համալիրի աշխատակիցներից մեկը և հայտնել, որ իրենց մենեջերին է մոտեցել հյուրանոցում ժամանակավորապես բնակվող քաղաքացին ու հայտնել, որ իր համարից գողություն է կատարվել:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հյուրանոցային համալիր են մեկնել ոստիկանության Կենտրոնականի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազորի գլխավորությամբ:

Տեղում ոստիկանները պարզել են, որ նշված հյուրանոցի 906 հյուրասենյակում հյուրընկալվել է ՌԴ քաղաքացի 26-ամյա Դմիտրի Պ.-ն, ով հայտնել է, որ հյուրասենյակից գողացել են իրեն պատկանող 1500 ԱՄՆ դոլար և 1300 եվրո ու այն կատարելու մեջ կասկածում է սենյակում մաքրություն կատարող մաքրուհիներին:

Ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները՝ բաժնի պետ Երվանդ Նիկոյանի գլխավորությամբ, ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ միջոցառումներ, պարզել են, որ նշված ժամանակահատվածում նշված համարում մաքրութուն են կատարել Երևանի բնակիչներ 50-ամյա Նարգիզ Զ.-ն, 41-ամյա Վարդ Հ.-ն, 29-ամյա Մանուշակ Մ.-ն, 65-ամյա Նեկտար Դ.-ն և 45-ամյա Շուշան Ս.-ն:

Նշված անձանց ոստիկանները հայտնաբերել և գողություն կատարելու հիմնավոր կասկածանքով տեղափոխել են ոստիկանության Կենտրոնականի բաժին, որտեղից էլ ներկայացրել են Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է վարույթ:

Գ. Շամշյանի տեղեկություններով հանցագործությունը բացահայտելու համար ոստիկանության Կենտրոնականի բաժնի պետ Ե. Նիկոյանի որոշմամբ՝ իրականացված օպերացիան կրել է «Մի ծաղկով գարուն չի գա» անվանումը:

Կիսվել