Մամուլ

«Գոլդ» համարանիշները կրկին պահանջարկ կվայելեն. ինչ փոփոխություններ են սպասվում

«Գոլդ» համարանիշները կրկին պահանջարկ կվայելեն. ինչ փոփոխություններ են սպասվում

Armlur.am-ը գրում է․ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի հեղինակած «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում լրացում կատարելու մասին նախագիծը կքննարկվի հունիսի 15-ին՝ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում:

Այս նախաձեռնությունն արդեն հասցրել է լայն քննարկման առարկա հանդիսանալ: Պատգամավորն առաջարկում է հնարավորություն տալ, որպեսզի տրանսպորտային միջոցի սեփականատերը կարողանա ինքն ընտրել իր մեքենայի համարանիշը` կազմված որոշակի նիշներից:

Մասնավորապես, «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» 2005 թվականի հուլիսի 8-ի ՀՕ-166-Ն օրենքի9-րդ հոդվածի «ժգ» կետը նա առաջարկում է լրացնել հետեւյալ խմբագրությամբ`

«Մեծ պահանջարկ ունեցող համարանիշների ընտրության հարցում տրանսպորտային միջոցի սեփականատերը հնարավորություն ունի հաշվառման համարանիշներում թույլատրված տառերի կամ թույլատրված թվանշանների կամայական հաջորդականությամբ  առաջարկել նախընտելի տառի, կամ թվանշանի, կամ տառերի եւ թվանշանների թույլատրված համակցություն:»:

Նախագծի հիմնավորման մեջ Ալեն Սիմոնյանը նկատում է, որ ներկայումս առկա է որոշակի կարգ մեծ պահանջարկ վայելող համարանիշների ընտրության հարցում, սակայն չկա օրենսդրական այնպիսի կարգավորում, որը թույլ կտա տրանսպորտային միջոցի սեփականատիրոջը տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշներում թույլատրված նախընտրելի տառերի եւ/կամ թվանշանների համակցությամբ եւ հերթականությամբ ձեւավորել հաշվառման համարանիշը, և նա անհրաժեշտ է համարում այնպիսի օրենսդրական փոփոխության կատարել որը կտրամադրի նմանատիպ հնարավորություն:

Ավելին, նա կարծում է, որ կամայական նիշների համակցությամբ համարանիշներն իրենց գնային մակարդակում կլինեն առավելագույն շեմի վրա, հետեւաբար նման հնարավորության ընձեռումը կմեծացնի արտաբյուջետային միջոցների ներհոսքը եւ հնարավորություն կընձեռի տրանսպորտային միջոցների սեփականատերերին տրանսպորտային միջոցը շահագործելու իրենց համար նախընտելի նիշներից կազմված համարանիշներով: Ընդ  որում, համարանիշների գումարը սահմանելու է կառավարությունը:

Այստեղ նկատենք, որ պետհամարանիշերը տրամադրվում են կառավարության որոշումների հիման վրա: Օրինակ՝ 2007 թվականի նոյեմբերի 8-ին ընդունված, իսկ 2016 թվականի հոկտեմբերի 27-ին լրացումների և փոփոխությունների ենթարկված որոշումը սահմանում է, որ տրանսպորտային միջոցների ցանկալի համարանիշերը տրամադրվում են 36 000 վճարի դիմաց, իսկ մեծ պահանջարկ ունեցող համարանիշերի համար վարորդները պետք է վճարեին 60 000-8 000 000 դրամ:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կիսվել