Մամուլ

Գյումրիում 3-րդ հարկից վայր ընկած 7 տարեկան տղան մահացել է. «Առավոտ»

Գյումրիում 3-րդ հարկից վայր ընկած 7 տարեկան տղան մահացել է

Ինչպես հայտնել էր Shamshyan.com-ը, Գյումրու ծայրամասային «Մուշ» թաղամասի բազմահարկ բնակարաններից մեկի 3-րդ հարկից ուշ երեկոյան վայր էր ընկել 7 տարեկան տղա, որին տարածքում հսկողություն իրականացնող պարեկներն էին տեղափոխել Գյումրու Մոր և մանկան ավստրիական հիվանդանոց։

Հիվանդանոցի տնօրեն Կարեն Գևորգյանն Aravot.am-ին տեղեկացրեց, որ երեխան մահացել է․ ողջ անձնակազմով ժամեր շարունակ պայքարել են երեխայի փրկելու համար, նույնիսկ մի պահ սրտի կանգն է գրանցվել, հաջողվել է կարգավորել։ Երեխայի գլուխը, ցավոք, ըստ տնօրենի, փշրված է եղել, ամբողջապես դեֆորմացված։

Ինչպես ավելի վաղ հայտնել է Shamshyan.com-ը, երեկ արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում:

Ժամը 23:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի 1-ին վաշտի 3-րդ դասակի պարեկ Ռաֆիկ Մաթևոսյանն ու կրտսեր պարեկ Երվանդ Առաքելյանը Գյումրի քաղաքի Մուշ թաղամասի Հալաբյան փողոցում ծառայություն կատարելիս են եղել, երբ նրանց են մոտեցել 2 հոգի և հայտնել, որ երեխան շենքի պատուհանից վայր է ընկել և մինչև շտապօգնության գալը անհրաժեշտ է, որ փոքրիկին տեղափոխեն հիվանդանոց:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարեկները անմիջապես իրենց ծառայողական ավտոմեքենայով երեխային տեղափոխում են «Գյումրու մոր և մանկան ավստրիական» հիվանդանոց, որտեղ էլ հավատարիմ Հիպոկրատին տված երդմանը՝ գործի են անցնում բժիշկները:

Երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է և չի բացառվում, որ Գյումրու բժշկական կենտրոնում անհրաժեշտ առաջին բուժօգնությունը ցուցաբերելուց հետո երեխային տեղափոխեն Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:

Կիսվել