Մամուլ

Գյումրիում հայտնաբերել են 22-ամյա երիտասարդի մարմինը, ով ինքնասպանություն է գործել․ տարիներ առաջ հայրը նույնպես

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ հուլիսի 1-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 12:30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Շիրակի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Գյումրի քաղաքի օդանավակայանի մոտ գտնվող Արևելյան փողոցի թիվ 1 շենքի հարևանությամբ տղամարդու դի կա:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են մեկնել ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետ Արթուր Բդոյանը, ոստիկանության Կումայրիի բաժնի պետ Կարեն Գևորգյանը:

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Կարեն Կուրեղյանի գլխավորությամբ:

Ահազանգով ժամանել են նաև ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության խումբը՝ վարչության պետ Իսահակյանի և ավագ քննիչ Շուշանիկ Մկոյանի գլխավորությամբ:

Տեղում պարզվել է, որ ոստիկանությունում ստացված օպերատիվ տեղեկությունները հավաստի էր և նշված վայրում 22-ամյա Արթուր Դ.-ն խոհանոցային դանակով զույգ նախաբազուկները կտրելու միջոցով ինքնասպանություն է գործել:

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի արտաքին զննությամբ զույգ նախաբազուկների շրջանում հայտնաբերվել են բազմակի կտրված վերքեր:

Ոստիկաններն ու քննիչները դիակի մոտ հայտնաբերել են խոհանոցային դանակ, որով, ըստ նախնական տեղեկությունների՝ Արթուր Դ.-ն ինքնասպանություն է գործել:

Դեպքի փաստով Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ինքնասպանություն գործած Արթուր Դ.-ի հայրը տարիներ առաջ նույնպես ինքնասպանություն է գործել:

Կիսվել