Գյումրիում բախվել են «Գազել»-ը և «Mercedes»-ը․ կան վիրավորներ
Այսօր՝ հունվարի 31-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 09։00-ի սահմաններում Գյումրի քաղաքի Տերյան և Շահումյան փողոցների խաչմերուկում բախվել են Շիրակի մարզի բնակիչներ 50-ամյա Սուրեն Ա․-ի վարած, Գյումրի-Առափի երթուղին սպասարկող «Գազել» մակնիշի և 37-ամյա Կարեն Ա․-ի վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները։
Shamshyan.com-ը հայտնում է, որ վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գյումրի» բժշկական կենտրոն։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Մարտիրոսյանի և դասակի հրամանատար Հարութ Հարությունյանի գլխավորությամբ։
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վիրավորների ինքնությունը։
Աղբյուրի տեղեկություններով ճանապարհը պատված է եղել մերկասառույցով, իսկ ավտոմեքենաների անվադողերը եղել են ձմեռային։





