Գյումրիի բնակարաններից մեկում հայտնաբերվել են մոր և դստեր դիերը
Գյումրիի բնակարաններից մեկում հայտնաբերվել են մոր և դստեր դիերը
Shamshyan.com-ը գրում է․ Երեկ՝ մարտի 3-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում:
Ժամը 22:10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Շիրակացի փողոցի շենքերից մեկի բնակիչները առավոտվանից չեն պատասխանում դռան թակոցներին ու հեռախոսազանգերին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե են ժամանել Գյումրու հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Տարածքը սահմանզատել են նույն վաշտի պարեկներ Սարգիս Կիրակոսյանն ու Արմեն Հարությունյանը: Ժամանել են նաև ոստիկանության Կումայրիի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի տեղակալ Մկրտչյանի գլխավորությամբ:
Փրկարարները ոստիկանների ու պարեկների ներկայությամբ բացել են 58 Բ շենքի նշված բնակարանի դուռը, որը ներսից բանալիով փակված է եղել և բանալին փականի վրա է գտնվել, դուռը բացելուց հետո հյուրասենյակի հատակին բերանքսիվայր հայտնաբերել են 2 դի:
Ոստիկանները ու քննիչները պարզել են, որ մահացածները նշված տան բնակիչներ 84-ամյա Ալբինա Ղ.-ն է և 59–ամյա Նաիրա Հ.-ն:
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիերի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Բնակարանի միջանցքում առկա է եղել գազի վառարան՝ գազը վառած վիճակում: Քննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածները մայր ու դուստր են: