Գյուլը Երևանում` 2008թ. Հայաստանի ֆուտբոլիստների մարզաշապիկից հանվեց Արարատը
Գյուլը Երևանում` 2008թ. Հայաստանի ֆուտբոլիստների մարզաշապիկից հանվեց Արարատը
Aniarc.am-ը գրում է․ 2008թ. սեպտեմբերի 6-ի կեսօրին ՙԶվարթնոց՚ օդանավակայան` Արարատ սարի ստվերի ներքո, վայրէջք կատարեց ՙԷյրբաս-319՚ օդանավը, որի թևերի վրա ամբողջությամբ պատկերված էր մահիկ-աստղով թուրքական վառ կարմիր դրոշը: Օդանավի շարժասանդուղքով իջնում և բեղերի տակից ինքնագոհ ժպտում էր Գյուլը:
Երիտասարդ դաշնակցականների սուլոցների և ՙճա-նա-չում՚ վանկարկումների ներքո Գյուլը օդանավակայանում իրեն դիմավորող արտգործնախարար Նալբանդյանի հետ տեղավորվեց հատուկ Թուրքիայից ուղարկված զրահապատ մեքենայի մեջ: Հայաստանի իշխանությունները ամեն ինչ արել էին, որպեսզի Գյուլին հնարավորինս հեռու պահեն այդ օրերին կառավարության մաս կազմող Դաշնակցություն կուսակցության բողոքի գործողություններից:
ՙԵս Կարսից եմ՚, ՙԵս Արդահանից եմ՚, ՙԵս Վանից եմ՚, ՙԵս Իգդիրից եմ՚. այսպիսի ցուցապաստառներով հազարավոր հայեր Երևանի կենտրոնական պողոտաներում, որտեղով պիտի անցներ Գյուլը, ՙկենդանի շղթա՚ էին կազմել և իրենց բողոքն էին հայտնում Թուրքիայի նկատմամբ:
Բաղրամյան պողոտայում կագնած Անահիտ Բերբերյանը, ում նախնիները տունն ու կահկարասին կորցրել են Վանում, մի ցուցապաստառ էր պարզել, որի վրա գրված էր. ՙԻմ հայրենի տունը Վանա լճի մոտ է՚: ՙԵս Վանը տեսել եմ միայն լուսանկարներով: Մտածում եմ, որ եթե գնամ Վան, հայրենազրկության ցավը շատ ավելի սուր կզգամ՚,- ասում էր նա և ցուցապաստառը ձեռքին սպասում Գյուլին, որի զրահապատ մեքենան պիտի անցներ Բաղրամյան պողոտայով:
Արմինե Խաչատուրյանը արմատներով Կարսից է: ՙԵս մեծացել եմ հայրենազուրկի ընտանիքում, իմ տատն ու պապը մեծացել են ամերիկյան մանկատանը: Նրանք ցեղասպանության ժամանակ կորցրել են իրենց ծնողներին: Իմ տատը մինչև մահ երազում գաղթ էր տեսնում ու վեր էր թռչում անկողնուց: Նա անգամ երազում փախչում էր թուրքերից՚,- ասաց Գյուլին սպասող միջահասակ կինը:
Թուրքիայի նախագահի այցը, սակայն, համընդհանուր ընդվզում չառաջացրեց Հայաստանի քաղաքական և հասարակական շրջանակներում: Դաշնակցական գործիչ Արմեն Ռուստամյանը այսպես նկարագրեց այդ օրերի պատկերը. ՙՄի անհասկանալի, կենցաղային մակարդակի ոգևորություն է տիրում, կարծես մեր կորած եղբորն ենք գտել՚:
Հայաստան-Թուրքիա հանդիպումից մի քանի օր առաջ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան իր զինանշանը փոխել էր. եթե արդեն հին զինանշանի վրա Արարատ սարն էր` հայ ժողովրդի խորհրդանիշներից մեկը, ապա նորի վրա ուղղակի գնդակ էր նկարված:
Հայաստանի ֆուտբոլիստների մարզաշապիկի վրայից հանվել էր նաեւ Արարատ սարի պատկերը: Քննադատության հուժկու ալիքի հանդիպելով` ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարը պաշտպանվելով արձագանքեց. ՙԵս ընդունում եմ, որ իրոք սխալ ենք թույլ տվել: Բայց դա չի նշանակում, որ ինձ պետք է մեղադրել յուրաքանչյուր մեղքի համար: Ես չեմ ստորագրել Ալեքսանդրապոլի կամ Կարսի պայմանագրերը՚: Ընտրական հանդիպումից մեկ ամիս անց Արարատ լեռը նորից դրվեց ֆուտբոլի ֆեդերացիայի լոգոյում նոր ձևավորմամբ:
Սեպտեմբերի 6-ին հայաստանյան օրաթերթերի մեծ մասը իրենց վերջին էջը նվիրել էին Գյուլին: Ողջույն-գովազդում` անգլերենով և հայերենով ասվում էր. ՙԲարի գալուստ մեծարգո նախագահ Աբդուլլահ Գյուլ: Արդար խաղ ոչ միայն 90 րոպեների ընթացքում: Դա է մեր ցանկությունը՚: Հայկական եթերը հեղեղված էր ՙհայ-թուրքականությամբ՚: Հանրային հեռուստատեսությունը ցուցադրեց մի խնձորենի, որը սեպտեմբերին ծաղկել էր, և դա, որպես ավետիս, կապվեց Գյուլի այցի հետ:
Արմեն Այվազյանը նկատում է. ՙՔարոզչական աշխատանք տարվեց ժողովրդի հետ` թուրքասիրական մոտիվներով, խեղաթյուրվեցին մեր մի շարք խորհրդանիշներ` զինանշանի վրայից Մասիսների վերացումը, անհասկանալի կոչը` ոտքի կանգնել Թուրքիայի հիմնի հնչեցման ժամանակ: Իսկ ո՞վ է ասել, որ պետք է կանգնել, և ինչո՞ւ հայը պետք է հարգի օրհներգը մի պետության, որի քաղաքականությունն իր նկատմամբ թշնամական, հարձակողական ու վիրավորական է՚:
Թուրքիայում ևս միանշանակ չընկալվեց Գյուլի Երևան այցը: ՙՄիգուցե Գյուլը գնար և աղոթեր Հայոց ցեղասպանությանը նվիրված վայրում և ծաղկեպսակ դներ այնտեղ՚,- հայտարարեց Ժողովրդահանրապետական կուսակցության առաջնորդ Բայքալը: ՙՀայաստանը ճանաչե՞լ է Թուրքիայի սահմանները, հրաժարվե՞լ է ցեղապանության պնդումներից, զորքերը դուրս բերու՞մ է Ղարաբաղի գրավյալ հողերից: Եթե այս քայլերը տեղի չեն ունեցել, ապա ինչու՞ է նա գնում՚:
Գյուլի Երևան այցի նախօրեին գրավոր հայտարարություն տարածեց ԱՇԿ առաջնորդ Բահչելին. ՙՊատմական սխալ կլինի գնալ Հայաստան` տեղի տալով արտաքին ճնշումներին և պարտադրանքին և ենթարկվելով հայկական լոբբիին երկրի ներսում: Նման գործելակերպը կվիրավորի Թուրքիայի արժանապատվությունը՚:
Ի պատասխան, արտգործնախարար Բաբաջանը հիշեցրեց Բահչելիի կուսակցության հիմնադիր, հանգուցյալ Ալփասլան Թյուրքեշի և հայ պաշտոնյաների, այդ թվում առաջին նախագահ Տեր-Պետրոսյանի միջև նախկինում եղած շփումների մասին:
ՙԳյուլը մտադիր էր գնալ: Ոչ բոլոր դիվանագետներն էին գոհ այդ քայլից: Նա շատ նամակներ ստացավ, որոնցում խորհուրդ էր տրվում չգնալ Երևան: Կար անվտանգության խնդիր, սադրանքների վտանգ: Մի փոքրիկ միջադեպն անգամ կարող էր ամեն ինչ փչացնել՚,- ասել է մի թուրք պաշտոնյա:
Որևէ տհաճ միջադեպ թույլ չտալու համար հայկական կողմն արել էր ամեն ինչ: Բացի այդ, Թուրքիայի նախագահի անվտանգությունը, հայ գործընկերների հետ, ապահովում էր մոտ հինգ տասնյակ հոգանոց թուրքական պահակազորը:
Երևանում և ՙՀրազդան՚ մարզադաշտում Գյուլի անվտանգությունը ապահովելու նպատակով թուրքական կողմը 8 դիպուկահարների էր գործուղել, ովքեր պետք է աշխատեին հայ դիպուկահարների հետ համատեղ: Ֆուտբոլային հանդիպման ընթացքում հնարավոր հարձակման չենթարկվելու համար նախագահներ Սարգսյանի և Գյուլի նստատեղերի առաջ փամփշտարգել ապակիներ էին տեղադրվել: Երևան էին ուղարկվել Գյուլի զրահապատ մեքենան ու պահպանության սարքավորումները:
Ֆուտբոլային հանդիպումը Հայաստանի նախագահի հետ միասին դիտելը Գյուլի այցելության վերջին հատվածն էր: Մինչ այդ` օդանավակայանից Թուրքիայի նախագահը ուղևորվել էր հյուրանոց` ոգևորելու թուրք ֆուտբոլիստներին: Ապա Թուրքիայի նախագահին առաջնորդեցին Բաղրամյան 26` նախագահական պալատ: Ընդունելության մեծ դռների մոտ կողք-կողքի դրված էին հայկական եռագույնն ու թուրքական կիսալուսին-աստղը:
Թուրքիայի նախագահը դուրս է գալիս զրահապետ մեքենայից, աստիճանների մոտ նրան դիմավորում է Հայաստանի նախագահը: Ահա և պահը. իրար ձեռք են սեղմում և լայն հայացքներով երկար ժպտում Սարգսյանն ու Գյուլը: Սեպտեմբերյան արևի տակ նրանց դեմքերը պայթում էին հրճվանքից:
Գյուլը Հայաստանում մնաց միայն վեց ժամ, այդ ընթացքում նրան բերած նախագահական ինքնաթիռի շարժիչը չանջատվեց: Բանակցությունների ընթացքում, ըստ հեռուստաընկերությունների ցուցադրած պահերի, նախագահները ակնհայտորեն գոհ տպավորություն էին թողնում: Նրանք ձեռքի շարժումով և չափազանց գոհ ժպիտներով ողջունում էին նաև մարզադաշտում հավաքված ֆուտբոլասերներին:
Հանդիպումից հետո երկու երկրների ղեկավարներն իրենց զրույցը շարունակել են աշխատանքային ընթրիքի ժամանակ:
ՙԱռաջին հանդիպումը շատ լավ անցավ: Նրանք մանրամասների մեջ չմտան, բայց ընդհանուր առմամբ նրանց մոտեցումները համընկնում էին՚,- ասել է հանդիպմանը ներկա մի թուրք պաշտոնյա:
Ընթրիքից հետո Սարգսյանն ու Գյուլը ուղևորվեցվին ՙՀրազդան՚ մարզադաշտ: Թուրքիայի հավաքականը հաղթեց 2-0 հաշվով:
Քննադատողներից Արմեն Այվազյանը ասաց, որ դա ՙխաղ էր մեկ դարպասի վրա` և ֆուտբոլում, և դիվանագիտության մեջ, և քարոզչական իմաստով՚: ՙԹուրքիայի նախագահը մի քանի քաղցր խոսք է ասում, մեր հեռուստաընկերություններով այդ խոսքերն անընդհատ հնչում են: Թուրքիայի դրոշը այս վերջին օրերին ավելի շատ ցուցադրեցին, քան երբևէ ցուցադրել էին Հայաստանի դրոշը հայկական հեռուստաալիքներով՚,- նկատեց Այվազյանը:
Նախագահ Սարգսյանը, Հայաստանի ողջ իշխանական համակարգը, խորհրդարանում իշխանական կոալիցիան` Հանրապետական, Բարգավաճ Հայաստան և Օրինաց երկիր կուսակցությունները, հեռուստաընկերությունների մեծ մասը, իշխանամետ փորձագետներն ու քաղաքագետները, պալատական մտավորականությունը, ըստ նրանց դեմքի արտահայտության ու հայտարարությունների, երջանկությանը մոտ զգացումներ էին ապրում Թուրքիայի նախագահի այցից:
Մի քանի օր անց նախագահ Սարգսյանը լրագրողների հետ զրույցում ասաց, թե ՙբոլոր ուսումնասիրությունները խոսում են այն մասին, որ հանրության ճնշող մեծամասնությունը դրական է գնահատել նախաձեռնությունը և Գյուլի այցը Հայաստան՚: ՙՊարոն Գյուլը մի քանի անգամ ասաց, որ Թուրքիայում այսօր կա քաղաքական կամք` անդրադառնալու մեր միջև գոյություն ունեցող խնդիրներին:
Շատ էական եմ համարում, որ նա իր այդ խոսքերը որևէ այլ հանգամանքով չէր պայմանավորում: Նաև ուրախ եմ, որ պարոն Գյուլը մեր հանդիպման մասին տպավորություններով կիսվել է Ադրբեջանի նախագահի հետ, և կարծում եմ, թե չափազանց կարևոր է, որ բանակցությունների մթնոլորտը, ոգին ու տառը տարածում գտնեն:
Պարոն Գյուլն ասաց, որ անհրաժեշտության պարագայում ինքը պատրաստ է օժանդակել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը, և ես ուրախությամբ ընդունեցի դա, որովհետև միայն աննորմալ մարդը կարող է հրաժարվել օժանդակությունից: Օժանդակությունը պետք է տարբերել միջնորդությունից: Որևէ քայլ, որը կարող է օգնել Մինսկի խմբի համանախագահներին` լուծելու այս հարցը, միայն ու միայն պետք է դրական գնահատել՚:
Հետագայում ևս նախագահ Սարգսյանը պնդում էր. ՙՀամոզված եմ, որ Թուրքիան կարող է իր օժանդակությունը բերել ղարաբաղյան խնդրի կարգավորման գործընթացին, և հիմա էլ, կարծում եմ, բերում է. նախագահ Գյուլի այցելությունը Երևան, հայ-թուրքական բանակցությունների շարունակությունը, դժվար խնդիրներ լուծելու շատ լավ օրինակ է: Եթե Թուրքիան բացի սահմաններն ու Հայաստանի հետ հաստատի դիվանագիտական հարաբերություններ, մեծապես օժանդակած կլինի ղարաբաղյան խնդրի կարգավորմանը՚:
Սեպտեմբերի 6-ի ուշ երեկոյան Երևանից Անկարա վերադարձի ճանապարհին, օդանավում լրագրողների հետ զրույցում Գյուլն իր այցը գնահատել էր ՙարդյունավետ և խոստումնալի՚. ՙԵս հավատացած եմ, որ իմ այցը վերացրեց Կովկասում գոյություն ունեցող հոգեբանական պատնեշը:
Այցելությունս ավարտեցի դրական զգացումներով և մտքերով՚: Գյուլին ուղեկցող թուրք լրագրողները գրեցին, որ Հայաստան-Թուրքիա սահմանի վերաբացման մասին չեն խոսել: ՙԿովկասի ամենակարևոր հարցը ղարաբաղյան հիմնախնդիրն է: Իմ այցը Երևան կարող է նպաստել այդ հարցի լուծմանը՚,- թուրք լրագրողները մեջբերեցին Գյուլին, նաև պնդելով, որ հանդիպումների ընթացքում խոսք չի եղել Հայոց ցեղասպանության մասին:
Առավել մանրամասն՝ սկզբանղբյուր կայքում