«Գլխիդ թավշյա պսակ, բայց գրպաններդ դատարկ»․Երջանիկ Աբգարյանի ֆեյսբուքյան գրառումը
ԳԽ և ԱԺ նախկին պատգամավոր Երջանիկ Աբգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Չէ, այդպես չի լինում: Գլխիդ թավշյա պսակ, բայց գրպաններդ դատարկ գնում ես Բրյուսել ու հիասթափված վերադառնում: Սա քաղաքական միամտության հետևանք է: Այնինչ եթե արտասահմանյան պաշտոնական որևէ այցելություն ես կատարում, պետք է գրպանումդ սեփական մի քանի օրակարգեր ունենաս:
Իսկ NATO-ի կարգի գագաթնաժողովին առավել ևս: Իսկ այդպես ձեռքերդ թափ տալով ոչինչ չես ստանա, որովհետև ոչինչ չես տալիս, կամ տվածդ, ասենք՝ Աֆղանստան ուղարկվող խաղաղապահների թվի ավելացումը, այն էլ առկա նախապայմանի հիմքի վրա, այն արժեքը չէ, որը փոխհատուցում է ենթադրում: Ի՞նչ ես դու ուզում Արևմուտքից:
Դու փող ես ուզում ժողովրդի ու քո փայլուն և անօրինակ հեղափոխության դիմաց: Բայց դու պետք է հասկանաս, որ դա քո ժողովրդի և քո հեղափոխությունն է, որը բխում էր հենց քո ժողովրդի կարիքից և որ դա քաղաքական առևտրի ապրանք չի կարող լինել որևէ արտաքին ակնկալիքի համար, հատկապես եթե Արևմուտքը այդ հեղափոխության արտաքին կողմնորոշիչներում որևէ նշանակալից փոփոխություն չի նկատում:
Այո, Արևմուտքը թավշյա հեղափոխության համար կարող է քեզ դիմավորել լայնաժպիտ, հիացական ճիչեր արձակել, բայց ոչ ավելին: Նամանավանդ, երբ Բրյուսելում քո հայտարությունների կարևորագույն որոշակի թեզեր առաջնահերթորեն հասցեագրված էին Պուտինին»: