Գիտնականները պատմել են, թե երեխայի համար ինչով է օգտակար հոր հետ նմանությունը
Գիտնականները պատմել են, թե երեխայի համար ինչով է օգտակար հոր հետ նմանությունը:
Նորածինները, որոնք նման են իրենց հայրերին, ծնվելուց մեկ տարի անց ավելի առողջ են լինում, որովհետեւ հայրերը նրանց հետ ավելի շատ ժամանակ են անցկացնում:
Այս եզրակացությանն են եկել ԱՄՆ-ի Բինհեմթոնի համալսարանի գիտնականները: Նրանց ուսումնասիրությունների արդյունքները հրապարակված են Journal of Health Economics հանդեսում։
Գիտնականներն ընդգծում են, որ խոսքն այն ընտանիքների մասին է, որտեղ երեխան ծնվել է արտամուսնական կապից, ընդ որում՝ մայրն ու հայրը միասին չեն ապրում: Ուսումնասիրվել է նմանօրինակ ավելի քան 700 ընտանիք:
Պարզվել է, որ արտաքին նմանության պատճառով հայրերն իրենց երեխաների հետ միջին հաշվով 2,5 օրով ավելի շատ ժամանակ են անցկացնում, քան նրանք, որոնց մոտ այդ նմանությունը բացակայում է:
«Այն հայրերը, որոնք գիտակցում են երեխայի նմանությունն իրենց հետ, ավելի մեծ վստահություն ունեն, որ երեխան իրենցն է, ուստի նրանց հետ ավելի շատ ժամանակ են անցկացնում»,-նշում է դոկտոր Սողոմոն Փոլաչեքը, որը ղեկավարել է հետազոտությունը:
Շուրջ մեկ տարի դիտարկելով ընտանիքները՝ գիտնականները պարզել են, որ հայրերին նման երեխաների մոտ մեկ տարին լրանալու պահին առողջության ցուցանիշներն ավելի լավն են եղել, քան նման այլ ընտանիքներում:
Դա կարող է կապված լինել այն բանի հետ, որ հաճախակի այցելություններն ավելացնում են երեխայի մասին հոգ տանելու եւ նրա կարիքների վերաբերյալ տեղեկատվություն հավաքելու ժամանակը:
Հետազոտության հեղինակներն ընդգծում են, որ ոչ ամբողջական ընտանիքները շատ փխրուն են եւ աննպաստ վիճակում են ամբողջական ընտանիքների համեմատությամբ, ուստի հարկավոր է հասնել այն բանին, որ նման ընտանիքների հայրերն ավելի հաճախակի տեսնեն իրենց երեխաներին եւ, այդպիսով, նպաստեն նրանց առողջության բարելավմանը, հաղորդել է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: