Գինեգործական կրթության հնարավորություն Արմավիրի մարզում
Արմավիրի մարզի Ոսկեհատ համայնքի ուսումնափորձնական տնտեսությունում տեղի է ունեցել Հայաստանի ազգային ագրարային համալսարանի (ՀԱԱՀ) Գինեգործական կրթության գիտաուսումնաարտադրական բազայի բացման արարողությունը, որին ներկա են գտնվել ՀՀ կրթության և գիտության փոխնախարար Հովհաննես Հովհաննիսյանը, ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը, ՀԱԱՀ ռեկտորի պաշտոնակատար Վարդան Ուռուտյանը, ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության փոխդեսպան Կլաուս Վենդելբերգերը, պաշտոնատար այլ անձինք:
Ուսումնագիտական կենտրոնը բաղկացած է գինեգործարանից և «Ագրոբիզնեսի հետազոտությունների և կրթության միջազգային կենտրոն» (ICARE) հիմնադրամի Ի-Վի-Էն Գինու ակադեմիայի Միկրոգինեգործության ուսումնական կենտրոնից: Կենտրոններում ուսանողները հնարավորություն կունենան ստանալ պրակտիկ գիտելիքներ` ընդգրկվելով գինեգործական ամբողջ գործընթացի մեջ, իսկ դասախոսներն ու ոլորտի մասնագետները` զբաղվել հետազոտական աշխատանքներով:
Գինեգործական կրթության գիտաարտադրական բազան ստեղծվել է Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ, «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի «Կրթության բարելավում» վարկային ծրագրի Նորարարությունների մրցակցային հիմնադրամի (ՆՄՀ) շրջանակներում, ինչպես նաև ՀԱԱՀ-ի ֆինանսական ներդրումների շնորհիվ:
ՀՀ ԿԳ փոխնախարար Հովհաննիսյանն արդյունավետ աշխատանք մաղթելով նորաստեղծ բազային, շնորհակալություն է հայտնել Համաշխարհային բանկին, Կրթական ծրագրերի կենտրոնին և բուհի ղեկավարությանը կատարված համատեղ աշխատանքի համար:
«Նմանատիպ կենտրոնները հնարավորություն են ընձեռում կրթությունն ապակենտրոնացնել` ուսանողին լսարանից տեղափոխելով պրակտիկ դաշտ: Հուսով եմ, որ հաջորդ տարի մայրաքաղաքի Սարյան փողոցում անցկացվող գինու փառատոնին երևանցիներն ու մայրաքաղաքի հյուրերը կվայելեն Ագրարային համալսարանի արտադրության գինին»,-նշել է ԿԳ փոխնախարարը:
ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանն իր հերթին կարևորել է գիտաուսումնաարտադրական բազայի բացումը, փաստելով, որ այն նշանակալի դեր կունենա գինեգործության ոլորտում նոր հաջողությունների գրանցման համար:
«Միջազգային շուկայում մրցունակ, բարձրորակ գինիներով ներկայանալու համար հարկավոր է հիմնել գինեգործական ժամանակակից տեխնոլոգիաների ներդրմամբ խաղողի այգիներ: Կարևոր է նաև ժամանակակից գիտելիքներով զինված բարձրակարգ մասնագետների առկայությունը»,- շեշտել է Գ. Գևորգյանը:
Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Վարդան Ուռուտյանն իր հերթին նշել է, որ կենտրոնի բացումը կարևոր ձեռքբերում է ոչ միայն Ագրարային համալսարանի ուսանողների, այլև գործատուների համար, քանի որ այստեղ ուսանողները կստանան այնպիսի կրթություն, որը կբավարարի ոլորտի պահանջները:
«Սրանով մենք ազդակ ենք ուղարկում գործատուներին, որ այլևս Ագրարային համալսարանի գինեգործ շրջանավարտները տիրապետելու են իրենց ոլորտի բոլոր պրակտիկ և գործնական հմտություններին»,-նշել է նա:
Վարդան Ուռուտյանը նաև հավելել է, որ նախքան կենտրոնի ստեղծումը ուսումնասիրվել է արտասահմանյան մի շարք գործընկեր համալսարանների փորձը, որոնց արտադրամասերում ուսանողները ստանում են գործնական հմտություններ:
Բացման արարողությանը հետևել է կարճատև շրջայցը, որի ընթացքում հյուրերը ծանոթացել են նորաստեղծ կենտրոնի հնարավորություններին։