Գերմանական մամուլ. «Եկել է Էրդողանին կարմիր քարտ ցույց տալու ժամանակը»
Գերմանական մամուլ. «Եկել է Էրդողանին կարմիր քարտ ցույց տալու ժամանակը»
Թուրքիայում դիվանագիտական ծառայության մեջ գտնվող 10 երկրի դեսպանի՝ Օսման Քավալային ազատ արձակելու մասին կոչից հետո առաջացած ճգնաժամը լայնորեն լուսաբանվում է գերմանական մամուլում, հայնտում է Ermeniahaber-ը։ Հրապարկվող հոդվածներում գերակշռում են Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի որդեգրած դիրքորոշումը քննադատող մեկնաբանությունները։
Այս մասին գրում է «Deutsche Welle»-ի թուրքերեն ծառայությունը՝ հայտնելով, որ դիվանագիտական ճգնաժամին անդրադարձել են «Süddeutsche Zeitung»,«Mittelbayerische Zeitung», «Südwest Presse» և այլ թերթեր։
«Südwest Presse» թերթում տեղ գտած մեկնաբանության մեջ մասնավորապես նշվել է, որ Եվրոպական միությունը (ԵՄ) պետք է ավելի կոշտ քաղաքականություն վարի Թուրքիայի հարցում։
«Ոչ միայն դաշնային կառավարությունը, այլև որպես մեկ ամբողջություն՝ ԵՄ-ն Թուրքիայի հետ հարաբերություններում մեծ խնդիրների է բախվում։ Թուրքիային խաղաղեցնելու ջանքերը և զիջումներով եվրոպական արժեքներին ինտեգրել փորձելու հույսը ևս մեկ անգամ ի չիք դարձան։
Էրդողանն իր ճանապարհով է գնում ու Թուրքիային հեռացնում է Եվրոպայից և ժողովրդավարությունից։ Եկել է Էրդողանին կարմիր քարտ ցույց տալու ժամանակը»,- նշվել է մեկնաբանությունում։
Դրանում ընդգծվել է, որ ԵՄ-ն պետք է դադարեցնի անդամակցության բանակցությունները և համագործակցության այլ ձև գտնի Թուրքիայի հետ, որը սպառնում է Եվրոպական խորհրդին։ Նշվել է նաև, որ դեպի Թուրքիա զենքի արտահանման վերանայման անհրաժեշտություն կա։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 18-ին Անկարայում Գերմանիայի, ԱՄՆ-ի, Դանիայի, Ֆինլանդիայի, Ֆրանսիայի, Հոլանդիայի, Շվեդիայի, Կանադայի, Նորվեգիայի և Նոր Զելանդիայի դեսպանները համատեղ հայտարարությամբ էին հանդես եկել և կոչ արել ազատել բանտում գտնվող իրավապաշտպան Օսման Քավալային։
Դեսպանները հաջորդ օրը կանչվել էին Թուրքիայի ԱԳՆ և զգուշացվել, իսկ հոկտեմբերի 23-ին, Էրդողանը հայտնել էր, որ Թուրքիայի արտգործնախարարին հանձնարարել է «անցանկալի անձինք» /personae non gratae/ հայտարարել այդ երկրների դեսպաններին։