Գեներալ Մանվել Գրիգորյանի դատավոր դստերը մեղադրանք առաջադրվեց
ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի դստեր՝ ՀՀ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նաիրա Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել երկու հոդվածով, Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնեցին ArmLur.am-ին։
ArmLur.am-ը հայտնել էր, որ Դատախազությունը դիմել է Բարձրագույն դատական խորհուրդ՝ Մանվել Գրիգորյանի դատավոր դստեր նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու միջնորդությամբ, և ԲԴԽ-ն նոյեմբերի 6-ին բավարարել է միջնորդությունը՝ նրա նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնության վերաբերյալ։
Դատավորի Նաիրա Մանվելի Գրիգորյանի լիազորությունները կասեցվել են՝ մինչև քրեական վարույթի ավարտը։ Իսկ ի՞նչ քրեական վարույթի մասին է խոսքը. ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ Արմավիրի մարզի դատավոր Նաիրա Գրիգորյանի վերաբերյալ գործը ուղարկվել է հակակոռուպցիոն կոմիտե։ 2024 թվականի ՀՀ քննչական կոմիտեն հայտնել էր, որ խոշոր չափերով խարդախություն կատարելուն օժանդակելու համար կալանավորվել է Արմավիրի մարզի դատավոր Նաիրա Գրիգորյանի օգնականը:
2022-2023թթ. ընթացքում հանցավոր կազմակերպության անդամները պատրաստել եւ օգտագործել են կեղծ անձնագրեր, ամուսնության կեղծ վկայականներ, եւ իբրեւ թե ՌԴ-ում տարբեր նոտարների կողմից վավերացված, կեղծ լիազորագրեր եւ տեղեկանքներ։ Հանցավոր կազմակերպության անդամները դրանք օգտագործել են պետական տարբեր մարմիններում, դատական ատյաններում եւ խարդախության եղանակով հափշտակել են չորս անշարժ գույք՝ բնակարաններ, որոնցից 3-ը Էջմիածին քաղաքում, 1-ը Երեւանում՝ հիմնականում թիրախավորելով կենդանության օրոք միայնակ բնակված տարեց եւ ժառանգ չունեցող անձանց:
Հանցավոր ճանապարհով ձեռք բերված անշարժ գույքերը խմբի անդամները վաճառել են: Բոլոր մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը։ Նախաքննությունը նշված 7 անձանց մասով ավարտվել է: ՀՀ քննչական կոմիտեում այս դեպքի վերաբերյալ անջատված մաս կար, որի քննությունը շարունակվում էր, եւ ահա ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ քննչական կոմիտեն անջատված մասը ուղարկել է հակակոռուպցիոն կոմիտե՝ քննություն իրականացնելու, քանի որ գործով շոշափվում է ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի դատավոր դստեր՝ Արմավիրի մարզի դատավոր Նաիրա Գրիգորյանի անունը:



