Մամուլ

Գեներալ-լեյտենանտի տղան չկարողացավ պարեկներին մոլորեցնել

Գեներալ-լեյտենանտի տղան չկարողացավ պարեկներին մոլորեցնել

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ օգոստոսի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16:55-ի սահմաններում Երևանի բնակիչ 38-ամյա Գեորգի Ապրիամովը իր վարած «Hyundai Sonata» մակնիշի ավտոմեքենայով Շոպրոնի փողոցում՝ թիվ 77 հասցեի մոտ, բախվել է կայանված «Opel» մակնիշի ավտոմեքենային։

Վարորդը հայտնել է, որ իր ինքնազգացողությունը վատացել է, ինչի պատճառով էլ բախվել է «Opel»-ին։

Նրան տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոն, սակայն նա հրաժարվել է բժշկական օգնությունից, ինչից հետո նրան պարեկները տեղափոխել են դեպքի վայր։

Արդեն տեղում նրա կողմից վարած ավտոմեքենայում հայտնաբերվել են կաթոցիչներ, թմրանյոթի նմանվող զանգվածներ և այլ կասկածելի իրեր։

Տեղում պարեկները նրան տեղափոխել են ոստիկանության Նոր Նորքի բաժին, որտեղից էլ տեղեկատվությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ավտոմեքենան քննիչի հանձնարարականով տեղափոխվել է ոստիկանության Նոր Նորքի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Գ. Ապրիամովի հայրը կոչումով գեներալ-լեյտենանտ է և բարձ պաշտոններ է զբաղեցրել ՀՀ Պաշտպանության նախարարությունում, այդ թվում եղել է ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Կիսվել