ՄամուլՏեսանյութ

Գեներալների հետ հանդիպելիս բանակի վիճակի մասին լսում էի բաներ, որոնք նորություն էին ինձ համար. Արմեն Սարգսյան

Գեներալների հետ հանդիպելիս բանակի վիճակի մասին լսում էի բաներ, որոնք նորություն էին ինձ համար. Արմեն Սարգսյան

«Առավոտ»-ի եթերում Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն անդրադարձել է ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի հետ հանդիպմանն ու իր՝ Սահմանադրական դատարան դիմել-չդիմելու հարցին։

«Բնական է՝ երբ վարչապետի առաջարկությունը եկավ՝ Օնիկ Գասպարյանին ազատել աշխատանքից, ակնկալիքն այն էր, որ Հանրապետության նախագահը պետք է ստորագրի:

Սակայն, քանի որ այս ամբողջը տեղի էր ունեցել Գլխավոր շտաբի ղեկավարի և իր գործընկերների հայտարարությունից հետո, բնական է, իմ առաջին քայլը հետևյալն էր՝ ես որևէ փաստաթուղթ չեմ ստորագրի, մինչև մարդկանց հետ չհանդիպեմ:

Գնացի Գլխավոր շտաբ, հանդիպեցի Օնիկ Գասպարյանի հետ: Ներկաներ կային, հետո գեներալների հետ առանձին հանդիպեցի, բավականին երկար տևեց՝ մի քանի ժամ: Չեմ կարծում, թե էթիկայի տեսակետից ճիշտ է, որ Ձեզ փոխանցեմ՝ ինչ ենք խոսել Օնիկ Գասպարյանի հետ: Դրանից հետո նորից հանդիպել ենք Օնիկ Գասպարյանի և նաև գեներալների հետ:

Ընդհանուր տպավորությունը կարող եմ փոխանցել. նախ և առաջ ինձ համար հստակ էր, որ ո՛չ Օնիկ Գասպարյանը, ո՛չ Գլխավոր շտաբի գեներալները չեն պատրաստվում ուրիշ քայլ անել, բացի իրենց հայտարարությունից: Սա իրենք հայտարարում էին, և իրենց ելույթներում էլ ինձ համար շատ հստակ էր»,- ասել է Հանրապետության նախագահը։

onik gasparyan shtabi pet

Արմեն Սարգսյանը պատմել է, որ գեներալների հետ հանդիպման ժամանակ ինքը լսում էր բանակի վիճակի մասին բաներ, որոնց մասին, արդեն գիտեր, և որոշ բաներ, որ նորություն էին իր համար.

«Այդ հանդիպումից հետո իմ եզրակացությունը (խորհրդակցելով գործընկերների, իրավաբանների հետ և հաշվի առնելով առանձին կարծիքներ) հետևյալն էր՝ կա առերևույթ սահմանադրական խնդիր: Եվ ես հստակ ասացի, որ չեմ ստորագրելու, ուղարկեցի վարչապետին, ըստ ընթացակարգի՝ վարչապետն իր կարծիքը հետ ուղարկեց, ես նորից, երկրորդ անգամ հաստատեցի, որ չեմ ստորագրելու և խնդիրը տանելու եմ Սահմանադրական դատարան, ինչպես և արեցի»,- ասել է նա:

Նախագահի խոսքով՝ ինքը գտնում էր, որ պետք է դիմի ՍԴ ոչ միայն Օնիկ Գասպարյանի գործով, այլ ընդհանրապես այդ օրենքի և դրա գործառնության մասով. «Երբ հայտարարեցի, որ չեմ ստորագրելու, ընդդիմությունը, որի մասին Դուք խոսում եք, հայտարարեց, որ նախագահը միացավ իրենց: Ցավում եմ, որ երեք տարի ուշադիր չեն հետևում, թե նախագահը և նախագահական ինստիտուտն ինչպես են աշխատում:

Սակայն իրենք իրենց պատկերացումներն ունեին, թե ես ինչպես պետք է դիմեմ Սահմանադրական դատարան, և, իրենց պատկերացմամբ, պետք է դիմեի Օնիկ Գասպարյանի անձնական գործով:

Սակայն ես գտնում էի, որ նախագահը պետք է դիմի ոչ միայն Օնիկ Գասպարյանի գործով, այլ ընդհանրապես այդ օրենքի և դրա գործառնության գործով՝ դիմումի մեջ ներառելով և՛ Օնիկ Գասպարյանի դեպքը, այսինքն՝ նմանատիպ դեպքում ազատման գործընթացը, և՛ նաև նշանակման ու ընդհանրապես այդ օրենքի հետ կապված առերևույթ սահմանադրական խնդիրները, ինչը և ես արեցի:

Սա ընդդիմությանը չբավարարեց, և «վերջապես նախագահ ունեցանք, նախագահը միացավ մեզ» արտահայտությունները փոխարինվեցին ուրիշ բառերով»,- ասել է նախագահը։

Մանրամասները՝ Aravot.am-ի տեսանյութում

Կիսվել