Գեղարքունիքում մեքենան մխրճվել է կայանված բեռնատարի հետնամասում
Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ օգոստոսի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։
Ժամը 22:30-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ 31-ամյա Մուշեղ Ղ.-ն իր վարած «Ford Transit» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 56-րդ կմ հատվածում՝ Գագարին վարչական շրջանի վարչական տարածքում, բախվել է ճանապարհին կայանված «Sitrak» մակնիշի բեռնատարի հետնամասին։
Վթարի հետևանքով «Ford Transit»-ի վարորդը, ում առաջինն օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած «Սևան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել է «Սևան» բժշկական կենտրոն։
Վթարի մասին ոստիկանության Սևանի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Արթուր Մարգարյանի, Սևանի քննչական բաժնի պետ Թորգոմ Չանդոյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արամ Աբրահամյանի գլխավորությամբ։
Վթարի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են կայանված ավտոմեքենայի սեփականատիրոջ և վարորդի ինքնությունները։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։