Մամուլ

Գեղարքունիքի մարզում մեքենան կողաշրջված բախվել ծառին․ վիրավորներից 2-ը անչափահասներ են

Այսօր՝ օգոստոսի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 05:10-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 71 կմ հատվածում Լոռու մարզի բնակիչ 57-ամյա Արժանիկ Ս․-ն իր վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված բախվել ծառին։Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ուղևորներ, Լոռու մարզի բնակիչներ 44-ամյա Աննա Վ․-ն, 42-ամյա Մարատ Վ․-ն, 5-ամյա Գ․ Ղ․-ն, 6-ամյա Ռ․ Գ․-ն և 18-ամյա Արման Ս․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սևան» բժշկական կենտրոն։

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած «Սևան» բժշկական կենտրոնի շտապօգնություն բժիշկների հերթապահ խումբը, ովքեր մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբարել։Վիրավորներից 2-ին հիվանդանոց են տեղափոխել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանություն Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները ծառայողական ավտոմեքենայով։Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Սևանի հրշեջ-փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազաբալոնի փականը։

Վթարի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։