Գարիկն ու Ավետ Բարսեղյանն ամանորյա երգը գրել են անվճար, նվեր են արել Երևանին. Տիգրան Վիրաբյան
Գարիկն ու Ավետ Բարսեղյանն ամանորյա երգը գրել են անվճար, նվեր են արել Երևանին. Տիգրան Վիրաբյան
Երգը, որը Գարիկ Պապոյանն ու Սոնա Ռուբենյանը ներկայացնելու են Երեւանի ամանորյա տոնակատարությունների շրջանակներում, գրվել է անվճար:
Այս մասին «Հայկական ժամանակ»-ին ասաց Երեւանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը:
Նա պատմեց, թե ինչպես է ստացվել, որ ամանորյա միջոցառումները կազմակերպելու ընթացքում որոշվել է երգի երաժշտությունը վստահել Գարիկին, իսկ խոսքերը՝ Ավետ Բարսեղյանին:
«Երբ նախագիծն արդեն սկսեց հունի մեջ մտնել, քննարկում ունեցանք, թե ինչ ոճի երաժշտությամբ ենք ուզում, որ լինի ամանորյա երգը:
Երբ խոսում էի Գարիկ Պապոյանի հետ, ասաց, որ շատ հետաքրքիր մտահղացում ունի, եւ պատրաստ է երգը նվիրել Երեւանին, այսինքն առանց հոնորարի երգ ստեղծել, ձայնագրել:
Երբ արդեն երաժշտությունը պատրաստ էր, ընդհանուր քննարկումների արդյունքում որոշում կայացվեց, որ բառերի հեղինակումը պատվիրվի Ավետ Բարսեղյանին, որը գիտենք՝ մի շարք հիթերի հեղինակ է»,- ասաց նա:
Վիրաբյանը նաեւ ասաց, որ Ավետ Բարսեղյանը նույնպես նվեր է արել մայրաքաղաքին ու բառերը գրել է անվճար:
Իսկ հարցին, թե ինչու երգի պատվեր անելու համար մրցույթ չի հայտարարվել, պատասխանեց, որ դա երկար ընթացակարգ է իրենից ենթադրում:
Բացի այդ՝ նշեց, որ, քանի որ խոսքը վերաբերում է երգը նվիրելուն, դրա անհրաժեշտությունը չի եղել:
Վիրաբյանը երգը լսել է: Ինչպես նա նշեց, այն արդեն ձայնագրվել է: Այժմ ընթանում են տեսահոլովակի նկարահանման նախապատրաստական աշխատանքները:
Ամանորյա միջոցառումների ստեղծագործական խումբը ցանկացել է ստանալ հետաքրքիր, թեթեւ երգ, որը կհետաքրքրի լայն մասսաներին: Հիմա սպասում են արդյունքին:
«Չեմ ուզենա առաջ անցնել եւ գնահատական տալ: Կարծում եմ՝ կընդունվի եւ կդառնա լսելի, կիրառելի, եւ իր անցնելիք ճանապարհի գնահատականը կտա հանդիսատեսը»,- ասաց նա:
Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնարարել էր, որ ստեղծվի ամանորյա այնպիսի երգ, որը կկարողանա մրցակցել համաշխարհային հիթ «Jingle Bells»-ի հետ:
Վիրաբյանը նշեց, որ քանի դեռ աշխատանքը հանդիսատեսի դատին չի հանձնվել, հնարավոր չէ կանխագուշակել՝ ինչ ճակատագիր կունենա, իսկ «Jingle Bells»-ի հետ մրցակցելը բարդ է:
«1 տարում կամ 1 ստեղծագործությունով չենք կարողանալու ունենալ այնպիսի երգ, որը նման հիթի հետ կարողանա մրցակցել: Չգիտեմ՝ որ տարում դա մեզ կհաջողվի, գուցե հենց այս, գուցե մյուս կամ երկար տարիների փորձերից հետո»:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում