ՄամուլՏեսանյութ

Գարեգին Բ-ն թանկարժեք մերսումների սիրահար է. «15 հազար եվրոյով մասաժ է ընդունում»․ Խորեն վարդապետ Հովհաննիսյան

Armtimes.com-ը գրում է․ Խորեն վարդապետ Հովհաննիսյանը, որը Գարեգին Ա-ի վերջին և Գարեգին Բ-ի առաջին գավազանակիրն է եղել, պնդում է՝ Գարեգին Բ-ն իրեն շատ է հալածել, անասելի տառապանքներ պատճառել, ինչպես շուրջ 200 կարգալույծ հոգևորականների:

«Ինձ վանքից դուրս է հանել, զրկել հացից, դեղեր գնելու հնարավորությունից»,- ասում է զրուցակիցը:

Վերջինիս խոսքով՝ ինքը գաղտնիքներ է իմացել, որ որոշել է իր հետ գերեզման տանել, սակայն երբ Կտրիճ Ներսիսյանը ծրագրել է հակապետական «Սրբազան» շարժումը, այլ կերպ ասած՝ ձեռք է բարձրացրել Հայաստանի Հանրապետության վրա, նա սկսել է բարձրաձայնել այդ գաղտնիքների մասին:

Նա, սակայն, դեռ 2018 թվականին է գրավոր դիմել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ասելով, որ Կտրիճ Ներսիսյանը պետք է հեռանա:

«Կտրիճը և Սուրբ հոգին անհամատեղելի են, Կտրիճը Սատանայի գործիքն է: Նա սանձարձակի պես ասպատակել է մեր Սուրբ եկեղեցին: Ներսիսյանների Մայր Աթոռ գնալով՝ Սուրբ հոգին լքել է տաճարը: Գարեգինը նյութապաշտ, ուղնուծուծով աշխարհիկ անձնավորություն է: Նա երկու սրբություն ունի՝ ԿԿԲ և փող: 25 տարի Գարեգինը և Եզրասը ստրկացրել են բոլորին և ամեն ինչ: Եթե մեկը կարծիք ունի, կարգալույծ են արել կամ հասցրել նրան, որ թողնի հեռանա, մնացածը հարմարվել են, որ հացից չզրկվեն: Նա Ստալինի պես է կառավարում: Գարեգինը ոչ միայն քրիստոնեությունն է սպանել, այլ նաև մարդկությունը հոգևորականների մեջ»,- կարծիք է հայտնում նա:

Ըստ Խորեն վարդապետ Հովհաննիսյանի՝ Գարեգին Բ-ի մեծագույն հանցանքը օտարերկրյա գործակալ լինելն է. «Ես ստորագրում եմ իմ ամեն ասածի տակ: Նա ՌԴ նախագահից շքանշան ստացավ Արցախի բլոկադայից մի ամիս առաջ, իսկ երբ Արցախը դատարկվեց, ձայն չհանեց»:

Անդրադառնալով այն պնդումներին, որ Գարեգին Բ-ն զավակ ունի՝ զրուցակիցը նկատում է. «Գարեգին Բ-ն մեկից ավելի կանանցից զավակներ ունի: Եթե հակադարձի, կտամ անուններ: Նրա վերջին զավակը ծնվել է Միացյալ Նահանգներում, գուցե վերջինը չէ, դրանից հետո ևս զավակ է ունեցել․ սա ոչ թե Ամենայն հայոց կաթողիկոսն է, այլ ամենայն հայոց ամոթը»:

Զրուցակցի փոխանցմամբ՝ Գարեգին Բ-ն թանկարժեք մերսումների սիրահար է. «15 հազար եվրոյով մասաժ է ընդունում»:

Խորեն վարդապետ Հովհաննիսյանի համոզմամբ՝ անկախությունից ի վեր վերջապես Հայաստանի Հանրապետությունն ունի մի ղեկավար, որը աղոթում է, և դրանից Սատանան ցնցվում է. «Նիկոլ Փաշինյանից բացի՝ ոչ մի ղեկավար ձեռքին Ավետարան չի ունեցել»: