Գայի պողոտայում «Mercedes»-ը հետիոտնային անցման մոտ վրաերթի է ենթարկել կին հետիոտնին
Այսօր՝ ապրիլի 10-ին վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:50-ի սահմաններում Երևանի բնակիչ 23-ամյա Արայիկ Ա.-ն իր վարած «Mercedes E350» մակնիշի ավտոմեքենայով Գայի պողոտա 24/3 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել հետիոտն, Երևանի բնակիչ 51-ամյա Գայանե Գ.-ին:
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և օգնել է օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկներին վիրավորին տեղափոխել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Արտակ Սիրադեղյանի և վաշտի հրամանատար Գևորգ Թորոսյանի գլխավորությամբ:
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Իսպիր Աղաջանյանն ու Ռաֆիկ Վարդանյանը:
Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի պաշտոնակատար Արթուր Ադամյանի, բաժնի պետի տեղակալ Գրիգոր Ավետիսյանի և ավագ քննիչ Արամազդ Հարությունյանի գլխավորությամբ:
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենան տեղափոխվում է ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք:
Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ: