Գալստանյանի աջակիցներ «Artur Brothers»-ին ԱԱԾ-ն բերման է ենթարկել
Հունիսի 3-ին Գալստանյանը սբ․ Աննա եկեղեցու բակում տեղադրված հարթակից իրեն լսելու համար հավաքված քաղաքացիներին ծանոթացրել էր Արթուր եղբայրներին, որոնք առավել հայտնի են որպես «Artur Brothers»։
«Մեր շատ սիրելի բարեկամները, ընկերները Քենիայից, երևի լսած կլինեք՝ Arthur Brothers։ Իրենք շատ հետաքրքիր հայորդիներ են, հոգով, սրտով, կյանքով նվիրված հայորդիներ են»,- հայտարարել էր նա։
«Փաստերի ստուգման հարթակը» փորձել է հավաքել փաստերն ու ներկայացրել եղբայրների մասին որոշ մանրամասներ։ Ըստ աղբյուրի, Արթուր եղբայրների՝ Արթուր Մարգարյանի ու Արթուր Սարգսյանի կյանքը 2000-ականների սկզբին կապված է եղել աֆրիկյան, մասնավորապես, քենիական իրականության հետ։ Եղբայրների մասին հիշատակումներն աֆրիկյան ու միջազգային մամուլում սկսվել են 2005 թվականից, որոնց համաձայն, նրանք աֆրիկյան այդ հատվածում փորձել են հեղաշրջում կազմակերպել, զբաղվել են թմրանյութերի վաճառքով, կատարել անօրինություններ, աչքի ընկել կառավարական օղակների հետ մութ կապերով։
2006-ի մարտին եղբայրները Քենիայում աչքի են ընկել Standard Group հրատարակչության վրա հարձակմամբ` փորձելով խոչընդոտել Likoni Road լրատվամիջոցի տպագրությանը, քանի որ այն պատրաստվում էր նյութ հրապարակել նախագահի կանանց մասին: Արդյունքում, լրատվամիջոցի մի մեծ տպաքանակ այրվում է, իսկ ոստիկանական ուժերը չեն պատժում Արթուր եղբայրներին, քանի որ ըստ լրատվամիջոցի՝ նրանք սերտ կապեր են ունեցել քենիական իշխանությունների հետ։ Reuters-ը գրում է, որ այդ գործողությունը խստորեն դատապարտել են աշխարհի շատ երկրներ։
Եղբայրների քենիական արկածները ավարտվել են 2006-ի հունիսին, երբ նրանք օդանավակայանում տեղի ունեցած մի աղմկահարույց պատմության հետևանքով արտաքսվել են Դուբայ։
2010-ին նրանց մասին քննարկումները Քենիայում ակտիվացել են, և Nation Africa-ի փոխանցմամբ, որոշ պատգամավորների պահանջի հիման վրա իրականացվել է հետաքննություն։
2020-ին KTN news Kenya լրատվամիջոցը «Անձեռնմխելիները» վերնագրով հետաքննության մեջ ներկայացրել է Արթուր եղբայրների կապը երկրում ամենախոշոր՝ 1 տոննա կշռով թմրանյութի խմբաքանակի հայտնաբերման հետ։
Եղբայրները միջազգային մամուլում ավելի ուշ հայտնվել են արդեն Մալդիվներում ծավալած գործունեության համար, որտեղ նրանք 2012-ին հիմնել են Artur Brothers World Connections ընկերությունը՝ 80 տոկոս բաժնեմասով։ Մալդիվյան մամուլը նրանց նկատել է որոշ պաշտոնյաների հետ հանդիպումների ժամանակ, իսկ երկրի ընդդիմության առաջնորդը, հաշվի առնելով քենիական նախադեպը, մտավախություն է հայտնել իր անվտանգության համար։
Ըստ աղբյուրի, նրանք 2023-ին արդեն հայտնվել են Երևանի ավագանու ընտրություններում թեկնածուներից մեկի՝ Սուրեն Պետրոսյանի կողքին։ Վերջինը, ի դեպ, «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման գլխավոր դեմքերից մեկն է։