«Գազ չկա» գրություններ Գեղարքունիքի մարզում․ ի՞նչ է պատահել
Տոնական այս օրերին Հայաստանի բազմաթիվ գազալցակայաններում, մասնավորապես՝ Գեղարքունիքի մարզում, քաղաքացիները բախվում են գազի բացակայության խնդրին։
Շատ լցակայաններում փակցվել են գրություններ՝ «Գազ չկա», ինչի հետևանքով վարորդները ստիպված են լինում շրջանցել մի քանի լցակայան՝ վառելիք գտնելու հույսով։
Պաշտոնական պարզաբանում այս պահին չկա, սակայն ոլորտի ներկայացուցիչների և վարորդների շրջանում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ խնդիրը կարող է կապված լինել Վրաստանի տարածքով իրականացվող գազի տարանցման հետ։
Հիշեցնենք, որ Հայաստան ներմուծվող գազի զգալի մասը անցնում է Վրաստանի տարածքով, և այնտեղ առաջացած տեխնիկական կամ լոգիստիկ խափանումները կարող են անմիջապես անդրադառնալ ներքին շուկայի վրա։
Ստեղծված իրավիճակը հատկապես բարդ է տրանսպորտի վարորդների համար, որոնց մի մասը ստիպված է լինում անցնել բենզինի կամ ժամանակավորապես դադարեցնել աշխատանքը։
Քաղաքացիները ակնկալում են պատկան մարմինների պարզաբանումը՝ խնդրի պատճառների, ինչպես նաև դրա լուծման ժամկետների վերաբերյալ։



