Մամուլ

Գազի գնի նախնական 30 տոկոսի փոխարեն այժմ բանակցությունների սեղանին ավելի բարձր գին է լինելու. «Ժողովուրդ»

Գազի գնի նախնական 30 տոկոսի փոխարեն այժմ բանակցությունների սեղանին ավելի բարձր գին է լինելու: «Ժողովուրդ» թերթը գրում է. «Առաջիկայում՝ հոկտեմբերի սկզբին, Երեւանում կայանալիք ԵՏՄ Բարձրագույն խորհրդի նիստից առաջ՝ օգոստոսի սկզբին, Եվրասիական տնտեսական միության բարձրագույն ներկայացուցիչները հանդիպեցին Ղրղզստանում:

«Ժողովուրդ» օրաթերթն արդեն տեղեկացրել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կմասնակցի երեւանյան գալիք նիստին: Մինչ այդ հիշենք, թե ինչպես էր վարչապետ Փաշինյանը Ղրղզստանում կայացած հանդիպմանը հնարավոր բոլոր տարբերակներով փորձում ռուսական կողմի հետ համաձայնության հասնել, որպեսզի խորհրդի երեւանյան նիստին ռուսական կողմից հենց Պուտինը մասնակցի:

Նիկոլ Փաշինյանը ելույթում ընդգծեց էլ, որ հոկտեմբերին Երեւան կժամանեն նաեւ Սինգապուրի եւ Իրանի ղեկավարները՝ թերեւս համաժողովականներին ակնարկելով, որ ԵՏՄ տնտեսական հետաքրքրությունից ելնելով է մեր երկիր հրավիրել այդ երկու երկրների ղեկավարներին:

«Ժողովուրդ» օրաթերթն արդեն տեղեկացրել է, որ ՌԴ նախագահը Երեւան կժամանի հոկտեմբերի 1-ին՝ ժամը 13:00-ին, եւ 16:00-ին էլ կվերադառնա: ԵՏՄ երեւանյան նիստի նախապատրաստական ծանր գործից հետո օրակարգը, մեր տեղեկություններով, գլխիվայր փոխվել է:

Նիստի մեկնարկը նախատեսված է եղել վաղ առավոտյան, բայց նախագահ Պուտինի՝ ժամը 13:00-ին գալու հետ կապված ծրագիրը փոփոխվել է: Հայ-ռուսական հարաբերություններում առերեւույթ ամեն ինչ լավ է, երկու երկրների իսթեբլիշմենթն էլ դա են հաստատում, ռազմավարական գործընկերներ ենք՝ երկկողմ ռազմատեխնիկական համագործակցությունով, Սիրիա ենք ուղարկում հայ սակրավորներին ու բժիշկներին… Իրականում, սակայն, հայ-ռուսական հարաբերություններում այսօր, ըստ էության, ճաքերն ակնհայտ են:

Դրանց վկայությունն են, օրինակ, հակառուս պաշտոնյաների նշանակումները, նաեւ ԵԽԽՎ ամառային նստաշրջանում ՌԴ- ի Վեհաժողով վերադարձին հայկական պատվիրակության ղեկավարի՝ դեմ քվեարկությունը:

Ու, ի դեպ, թեպետ պարզաբանվեց, թե պատվիրակության ղեկավարը սխալմամբ է բացասական քվեարկության կոճակը սեղմել, բայց, միեւնույնն է, սխալը շտկել չստացվեց: Եվ ամենաէականը՝ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացրել է, որ առաջիկայում Երեւանում ռուսական կողմի հետ երկու երկրների ղեկավարները կքննարկեն նաեւ գազի գնի բարձրացման հարցը: Մենք հրապարակել ենք, որ նախնական 30 տոկոսի փոխարեն այժմ բանակցությունների սեղանին ավելի բարձր գին է լինելու»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Կիսվել