Գազաբալոն տեղադրած վարորդները պետք է 6 ամսվա ընթացքում իրենց տվյալները մուտքագրեն էլեկտրոնային շտեմարան
Գազաբալոն տեղադրած վարորդները պետք է 6 ամսվա ընթացքում իրենց տվյալները մուտքագրեն էլեկտրոնային շտեմարան
Սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատելու համար ավտոտրանսպորտային միջոցներում տեղադրվող գազաբալոնային սարքավորումներ` գազաբալոնների և դրանց արմատուրայի (գազաբալոնների խաչուկների, եռաբաշխիկների, փականների), միացնող խողովակների, գազատար խողովակամուղի և դրանց միացման հանգույցների, բարձր և ցածր ճնշման ռեդուկտորների, շարժիչի աշխատանքի կառավարման համակարգի, ստուգիչ-չափիչ և ապահովիչ սարքերի ամբողջությունը.
գազաբալոնների պարբերական վկայագրում` գազաբալոնների պատրաստման և շահագործման տեխնիկական փաստաթղթերով սահմանված պարբերականությամբ և ծավալով իրականացվող տեխնիկական արատորոշում, որով սահմանվում է բալոնի օգտագործման ժամկետը։
Օրենքում ավելացել է 26․1 հոդվածը՝ Ավտոտրանսպորտային միջոցներում օգտագործվող գազաբալոնային սարքավորումների տեղադրումը, գազաբալոնների պարբերական վկայագրումը և լցավորումը, ըստ որի․
1. Գազաբալոնային սարքավորումների տեղադրումը և (կամ) գազաբալոնների պարբերական վկայագրումն իրականացնում են այն կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը, որոնք ունեն «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքով սահմանված համապատասխան լիցենզիա:
2. Գազաբալոնային սարքավորումների տեղադրումից, գազաբալոնների պարբերական վկայագրումից հետո լիցենզավորված անձը տրամադրում է գազաբալոնների պարբերական հերթական վկայագրման ժամկետը նշող` ՀՀ կառավարության սահմանած նմուշի փաստաթղթերը, իսկ ավտոտրանսպորտային միջոցի և գազաբալոնների մասին տվյալները մուտքագրում է էլեկտրոնային շտեմարան` ՀՀ կառավարության սահմանած կարգով:
3. Շահագործման մեջ գտնվող գազաբալոնները ենթակա են պարտադիր վկայագրման:
4. Արգելվում է գազաբալոնների լցավորումն առանց էլեկտրոնային շտեմարանի տվյալների հետ նույնականացվելու, նույնականացումից հետո դրական եզրակացություն չստանալու դեպքում, բացառությամբ այլ պետություններում գրանցված ավտոտրանսպորտային միջոցների վրա տեղադրված գազաբալոնների:
5. Արգելվում է անընթեռնելի արտադրման տարեթվով և շահագործման ավարտված ժամկետով գազաբալոնների տեղադրումը և վկայագրումը: Այդ գազաբալոնները ենթակա են խոտանման` ՀՀ կառավարության սահմանած կարգով:
6. Արգելվում է ավտոբուսների ուղեսրահներում գազաբալոն տեղադրումը:
7. Ավտոբուսի տանիքին տեղադրված գազաբալոններն արևի ուղիղ ճառագայթներից, ձյան և անձրևի տեղումներից պետք է պաշտպանված լինեն պատյանով, բայց և պետք է ապահովվի հասանելիություն գազաբալոնների փականներին դրանց հերմետիկությունն ստուգելու նպատակով:
8. Սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատելու համար ավտոտրանսպորտային միջոցների վրա գազաբալոն սարքավորումների տեղադրման և գազաբալոնների պարբերական վկայագրման կարգը և պարբերականությունը սահմանում է ՀՀ կառավարությունը։
Մինչև օգոստոսի 16-ը տեղադրված գազաբալոն սարքավորումներով կամ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով հավատարմագրման վկայագիր ունեցող կազմակերպությունների կողմից վկայագրված գազաբալոններով ավտոտրանսպորտային միջոցների սեփականատերերը կամ նրանց ներկայացուցիչները՝ օգոստոսի 16-ից հետո 6 ամսվա ընթացքում, պետք է դիմեն լիցենզավորված անձանց ավտոտրանսպորտային միջոցի և գազաբալոնների մասին տվյալներն էլեկտրոնային շտեմարան մուտքագրելու համար: Այս դեպքում գազաբալոնների նոր վկայագրում չի կատարվում, և հաջորդ վկայագրման ներկայացման ժամկետը չի փոխվում:
Փետրվարի 16-ից ուժի մեջ կմտնի Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում ավելացած նոր հոդվածը՝ 150.15-ը, որի համաձայն նախատեսվում են սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատելու համար ավտոտրանսպորտային միջոցների վրա գազաբալոնային սարքավորումների տեղադրման, գազաբալոնների պարբերական վկայագրման և լցավորման պահանջները խախտելու տուգանքներ։ Այսպիսով․
1. Սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատելու համար ավտոտրանսպորտային միջոցների վրա գազաբալոնային սարքավորումների (այսուհետ` գազաբալոնային սարքավորումներ) տեղադրման կամ գազաբալոնների պարբերական վկայագրման գործունեության իրականացման լիցենզիայի պարտադիր պահանջները կամ պայմանները խախտելը, եթե դա չի առաջացրել «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքով սահմանված պատասխանատվություն` առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց կամ անհատ ձեռնարկատիրոջ նկատմամբ`100․000-200․000 դրամի չափով։
2. Գազաբալոնային սարքավորումների տեղադրման և պարբերական վկայագրման կարգի պահանջների խախտմամբ ՀՀ կառավարության սահմանած նմուշի փաստաթղթերի տրամադրումը կամ ավտոտրանսպորտային միջոցների և գազաբալոնների վերաբերյալ տվյալները էլեկտրոնային շտեմարան մուտքագրումը` առաջացնում է տուգանքի նշանակում գազաբալոնային սարքավորումների տեղադրման և վկայագրման իրավասություն ունեցող կազմակերպության պաշտոնատար անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ նկատմամբ՝ 300․000-500․000 դրամի չափով։
3. Առանց էլեկտրոնային շտեմարանի տվյալների հետ նույնականացվելու, նույնականացումից հետո դրական եզրակացություն չստանալու դեպքում գազաբալոնների լցավորումը` առաջացնում է տուգանքի նշանակում գազալցավորման կայանի պաշտոնատար անձի նկատմամբ` 200․000 դրամի չափով։
Նույն խախտումը կրկին կատարելը վարչական տույժի միջոց կիրառելուց հետո` մեկ տարվա ընթացքում` առաջացնում է տուգանքի նշանակում` կիրառված վարչական տույժի կրկնապատիկի չափով: