Գագիկ Բեգլարյանի և Մհեր Սեդրակյանի նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվի
Գագիկ Բեգլարյանի և Մհեր Սեդրակյանի նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվի
Տրանսպորտի եւ կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանի եւ ԱԺ նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանի նկատմամբ որոշում է կայացվել քրեական հետապնդում չիրականացնել։
Այս մասին «Փաստինֆո»-ի գրավոր հարցմանն ի պատասխան՝ տեղեկացրին Հատուկ քննչական ծառայությունից։ Պատասխանում մասնավորապես նշվում է. «Գ. Բեգլարյանի և Մ. Սեդրակյանի վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայություն ուղարկված քրեական գործով կատարված նախաքննության ընթացքում նրանց վերագրվող արարքների վերաբերյալ բավարար ապացույցների համակցություն ձեռք չի բերվել, և քննիչի կողմից որոշում է կայացվել Գ. Բեգլարյանի և Մ. Սեդրակյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու մասին»:
Արդյունքում՝ քրեական գործը, ըստ քննչական ենթակայության, ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե:
Հիշեցնենք, որ Ունիվերսալ վարկային կազմակերպության տնօրենի կողմից 2017թ. հաղորդում էր ներկայացվել՝ 2012-2016թթ ընթացքում նույն ընկերության նախկին գործադիր տնօրենի կողմից լիազորություններն ընկերության շահերին հակառակ օգտագործելու և ընկերության ներքին իրավական ակտերի ու ՀՀ օրենսդրության պահանջների խախտմամբ բազմաթիվ կազմակերպությունների վարկեր տրամադրելու վերաբերյալ:
Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժնում հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածի 1-ին մասով, որը վարույթ էր ընդունվել ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում։
Ձեռք բերված ապացույցների հիման վրա` 2017 թվականին որոշում էր կայացվել՝ նախկին գործադիր տնօրենին ՀՀ քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածի 1-ին մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին, և նրա նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին։
Քրեական գործով շարունակվել էին կատարվել անհրաժեշտ քննչական գործողություններ՝ բազմակողմանի քննությունն ապահովելու նպատակով, որի արդյունքում փաստական տվյալներ էին ձեռք բերվել՝ առերևույթ հանցավոր այլ դրսևորումների վերաբերյալ ևս։
Մասնավորապես՝ երեք տարբեր քրեական գործեր էին հարուցվել վարկային ընկերության բաժնետերերից մեկի անունից ՀՀ կենտրոնական բանկ կեղծ փաստաթղթեր ներկայացնելու դեպքի առթիվ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով, նախկին գործադիր տնօրենի՝ ՍՊ ընկերության բաժնեմասը շորթելու դեպքի առթիվ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 3-րդ մասով, և ՍՊԸ-ում ներդրումներ կատարելու պատրվակով նախկին գործադիր տնօրենի կողմից քաղաքացու բանկային հաշվից 500.000 ԱՄՆ դոլար կանխիկացնելու ու յուրացնելու դեպքի առթիվ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, որոնք միացվել էին մեկ վարույթում, և նախաքննության հետագա կատարումը հանձնարարվել էր ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչությանը։