ՄամուլՏեսանյութ

Բռնագանձել 755 միլիոն, որպես ապօրինի եկամուտի մնացորդ․ Տարոն Մարգարյանի և նրա քույրերի գործի քննությունը

Հակակոռուպցիոն քաղաքացիական դատարանում հուլիսի 10-ին տեղի ունեցավ Երևանի նախկին քաղաքապետ, այժմ Ազգային ժողովի պատգամավոր Տարոն Մարգարյանի և նրա ընտանիքի անդամների ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույքերի և դրամական միջոցների բռնագանձման գործով դատական նիստը։ Այն նախագահում է դատավոր Կարապետ Բադալյանը։

Iravaban.net-ի փոխանցմամբ՝ այս նիստում կողմերն անդրադարձան հայցի ու դրանում առկա հաշվարկների վերաբերյալ հարցերին։

Պատասխանող կողմի ներկայացուցչի պնդմամբ՝ հաշվարկում հայցի հիմքի և առարկայի փոփոխություն կատարելու արդյունքում նաև հաշվարկն է փոփոխվել, և՛ սկզբնական հայցը, և՛ նոր փոփոխությունն ամբողջությամբ ուսումնասիրվել է, սակայն որևէ հաշվարկ ի սկզբանե ներկայացված չի եղել։

Նա դատախազ Ռուզաննա Խուդավերդյանին հարցրեց՝ ինչո՞վ է պայմանավորված, որ հաշվարկն ինքնին բացակայում է հայցում։

Դատախազն ասաց, որ հաշվարկ ասելով նկատի պետք է ունենալ հայցում առկա տարեկան վերլուծությունները, որոնք կատարվել են հայցին կցված տվյալների հիման վրա։

Փաստաբանը նշեց, որ տեսել է առկա աղյուսակները, սակայն գումարի բռնագանձման հայցերով, եթե տոկոս է նշված գումարի հաշվարկում, Քաղաքացիական դատավարության օրենսգիրքը խիստ սահամանում է՝ պետք է հստակ նշվի, թե այդ գումարը ինչպես է գոյացել, հաշվարկն ինչպես է կատարվել։

Դատախազը նշեց, որ կատարված հաշվարկից ավելի մանրամասն չի կարող լինել։

«Ներկայացված հայցով խնդրել եք բռնագանձել 100 միլիոն 417 հազար 533 դրամ, սակայն չեք ներկայացրել որևէ հաշվարկ, թե այդ գումարն ինչից է վերջնական գոյացել։ Խնդրել եք, օրինակ, վերջնական բռնագանձել նաև 755 միլիոն 154 հազար 928 դրամ՝ որպես ապօրինի եկամուտի մնացորդ, սակայն այդ մասով ևս չեք ներակայացրել որևէ հաշվարկ»,-ասաց փաստաբանը։

Կիսվել